ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ սրճարաններում ծխելու սահմանված արգելքի առկայության պայմաններում երևույթի շարունակվելու խնդրին:
«Մենք, ի հեճուկս մեր կայացրած որոշման, տեսնում ենք, որ այդ երևույթը շարունակվում է»,- ասաց Փաշինյանը:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց դրա հետ կապված՝ 2023 թվականին կատարված աշխատանքները. «Իրոք, մտահոգիչ է. 2023 թվականի հունվարի 1-ից մինչ այսօր կազմվել է ընդհանուր 7186 վարչական արձանագրություն, որոնցից 790-ը՝ հանրային սննդի օբյեկտների: Այս շաբաթվա ընթացքում կազմվել է 31 արձանագրություն: Արգելված վայրերում՝ 6044 արձանագրություն, այս շաբաթվա ընթացքում՝ 210 արձանագրություն: 352 պաշտոնատար անձի նկատմամբ այս շաբաթվա ընթացքում կազմվել է 15 վարչական արձանագրություն»,- նշեց նա:
«Այո, վարքագծային փոփոխությունները դժվար են իրականանում, և բոլոր երկրներում է այդպես եղել, բայց մենք ունենք արդեն որոշակի փոփոխություններ, և Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից անցկացրած անկախ հարցումների արդյունքում մենք ունենք ծխողների շրջանում փոփոխություն քանակային առումով: Այսինքն՝ այն ստեղծված քաղաքականությունը, որ հետևողականորեն մենք տանում ենք, գուցե ամբողջովին դեռ չի վերահսկվում և 100 տոկոս իրականացված չէ, բայց դա ևս ճանապարհ է, արդեն իսկ տալիս է որոշակի դրական արդյունքներ: Բացի դրանից՝ մենք նաև աջակցող ինստիտուտներ ենք ստեղծում մարդկանց համար, ովքեր ուզում են թողնել ծխելը: Մեր թեժ գիծը՝ ծխելու և այլ վնասակար սովորություններից հրաժարվելու, բավական ակտիվացել է, և անգամ անչափահասների կողմից լինում են դիմումներ, և մենք աջակցում ենք, որ մարդը, կիրառելով հոգեբանական և այլ միջոցներ, թողնի այդ վնասակար սովորությունները»,- ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև պլաստիկ տոպրակների օգտագործման հարցին:
«2019 թվականի օրենսդրական փոփոխությունով՝ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումն առ այն, որ արգելվում է մինչև 50 միկրոն պոլիէթիլենային տոպրակների վաճառքը: Այստեղ համայնքները, ինչքան հնարավոր է, վերահսկողություն իրականացրին, բայց սա ամբողջական արդյունք չտվեց: Մենք հիմա նախագիծ ունենք, որով, ըստ էության, պոլիէթելենային տոպրակների որևէ տեսակի վաճառքն ենք արգելելու, ինչպես նաև մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքը: Հուսամ՝ այս որոշումով կկարողանանք տոպրակների խնդիրը լուծել, և ակնկալում ենք, որ տեսչականները վերահսկողություն կանեն, և արդյունքն ավելի լավ կլինի»,- ասաց ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը: