Մոսկվան կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Մենք աշխատում ենք կողմերի հետ: Եվ չնայած այն հանգամանքին, որ հանրային կոչերը արդյունք չեն տալիս, մենք վերահաստատում ենք Լաչինի միջանցքի անհապաղ ապաարգելափակման և տեղի բնակչության համար նորմալ կենսապայմաններ ապահովելու անհրաժեշտությունը։ Շատ բան, իհարկե, կախված է քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի գնալու պատրաստակամությունից: Այդ պարագայում լարվածությունը կարող է թուլանալ։
Զախարովան անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղ հումանիտար աջակցություն ուղարկելու՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությանը:
Մարիա Զախարովա - Չնայած մարդասիրական շարասյուն ուղարկելու հարցը չի համաձայնեցվել Ադրբեջանի հետ՝ ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվորեն աշխատում է լուծումներ գտնելու ուղղությամբ և կապ է հաստատել երկու կողմի հետ: Կարծում եմ՝ արդյունք կլինի։ Այս ֆոնին խաղաղապահների հասցեին ցանկացած մեղադրանք ոչ արդյունավետ է:
ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՎԱԳԻՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆԸ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խոսել է նաև հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահների կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին: Մարիա Զախարովան շեշտել է՝ նման քայլերը ավելի են սրում իրավիճակը, ընդգծել՝ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովվեն:
ՌԴ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԼՂ-ԱԴՐԲԵՋԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ. ԶԱԽԱՐՈՎԱ
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների մեկնարկին:
Մարիա Զախարովա - Այդ թեման քննարկվում է շահագրգիռ կողմերի հետ։ Ռուս խաղաղապահները նախկինում աջակցել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպման հարցում և պատրաստ են շարունակել իրենց օգնությունը։ Ռուսաստանը որևէ նախապայման չի առաջադրում, այլ քրտնաջան աշխատում է կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ:
ՌԴ-Ն ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ԶԱԽԱՐՈՎԱ
Մարիա Զախարովան նաև մեկնաբանել է հուլիսի 25-ի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Ռուսաստանի բանակցային ակտիվությունը որոշակիորեն նվազել է՝ Ուկրաինայի իրադարձոթյունների հետ կապված:
Փաշինյան
«Պարզ է, չէ՞, որ ամբողջ ժամանակը և էներգիան, որը, ենթադրվում էր, որ այլ պայմաններում կներդնեին, հիմա չեն ներդնի»:
Մարիա Զախարովա - Բոլոր այն խոսակցությունները, թե հատուկ ռազմական գործողության ֆոնին Մոսկվայի արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ պակաս առաջնահերթ են դարձել, անհիմն են։ Մենք շահագրգռված ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում։ Մենք ամեն ինչ անում ենք՝ հասնելու տարածաշրջանում կայուն խաղաղության, լիովին կատարում ենք մեր պարտավորությունները Հարավային Կովկասում։
Զախարովայի խոսքով՝ կարևոր է, որ Երևանը և Բաքուն հետևողական կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները, և այդ հարցում Մոսկվան պատրաստ է աջակցելու կողմերին:
ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԼՂ-ԻՑ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆԸ
Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, որ «քանի դեռ ԼՂ-ում կա զանգվածային սպանությունների վտանգ, դժվար է պատկերացնել, որ Մոսկվան կարող է որոշում կայացնել՝ այնտեղից ռուս խաղաղապահներին դուրս բերելու մասին»:
Զախարովայի հարցուպատասխանի ժամանակ, սակայն, այս միտքը աղավաղվել է՝ տպավորություն ստեղծելով, թե իբր Երևանը կողմ է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
Մարիա Զախարովա - Անհասկանալի են նաև Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին դատողությունները՝ հատկապես այնտեղ ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակի ֆոնին։ Հայտնի է, որ խաղաղապահները կարևոր գործառույթներ են կատարում՝ գերիների փոխանակում, ականազերծում, միջադեպերի կարգավորում, մարդասիրական օգնության տրամադրում: Արդյոք Հայաստանի ղեկավարության տեսանկյունից այդ գործունեությունը իսկապես ավելո՞րդ է:
Ցավոք՝ Հայաստանի ղեկավարությունը հաճախ ոչ միանշանակ դիրքորոշում է հայտնում մի շարք առանցքային հարցերի շուրջ: Կցանկանայի, որ այս հարցում երկիմաստություն չլիներ։ Ամենաբարձր մակարդակով բազմիցս նշվել է անվտանգության ապահովման գործում խաղաղապահների ներդրումը։ Դա կասկածի տակ դնելու փորձերը հարցեր են առաջացնում:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, Զախարովայի ձևակերպմամբ՝ «տարածքային վեճերին», ապա դրանք պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ սա է Մոսկվայի դիրքորոշումը, որն այս հարցում ևս պատրաստ է կողմերին խորհրդատվական ու փորձագիտական օգնություն տրամադրելու։