ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն իրականացրած այցի շրջանակներում հանդիպել է ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սյաոպենի հետ։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի կնքմանը։ Համաձայնագիրն ավարտական փուլում է և առաջիկայում պատրաստ կլինի ստորագրման։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարությանը, մասնավորապես, ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման, վերակառուցման նախագծերում կարողություններ ունեցող չինական ընկերությունների ներգրավմանը։
Քննարկվել է միջազգային տրանսպորտային ուղիների զարգացմանը վերաբերող հարցեր։
Երկուստեք կարևորվել է ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև կանոնավոր օդային հաղորդակցության կազմակերպումը, ինչպես նաև ՀՀ և ՉԺՀ տրանսպորտի ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունների միջև փորձի փոխանակումը, փոխադարձ այցերն ու փորձագետների ներգրավումը։
Ընդգծվել է վերը նշված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։