Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկուն։
Բարձրաստիճան դիվանագետն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը շնորհակալություն է հայտնել նրան այցի համար։
Դեսպանն իր հերթին նշել է, որ գիտակցում են Սյունիքի կարևոր դերն ու նշանակությունը Հայաստանի համար՝ հատկապես ներկայիս իրավիճակում։
Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից՝ Պյոտր Սկվեչինսկին հետաքրքրվել է Սյունիքի սահմաններին տիրող վիճակով, ինչպես նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով ու փակ ճանապարհի ստեղծած հետևանքներով, որոնք նրան մանրամասնորեն ներկայացրել է մարզի ղեկավարը։
Դիվանագետը ներկայացրել է նաև լեհական կողմի ներդրումով մարզում իրականացվող ծրագրերն ու քննարկել Սյունիքի հետ համագործակցության խորացման հարցեր։
Ներկաները խոսել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական, տնտեսական ու այլ գործընթացների մասին ևս։
Լեհաստանը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» անդամ երկիր է և մասնակցություն ունի դրա շրջանակներում Սյունիքում մեկնարկած ծրագրերին։