ՀԱՊԿ-Ը ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ ՉՈՒՆԻ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ԽՆԴԻՐ ԼՈՒԾԵԼՈՒ. ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելության տեղակայման հարցի քննարկմանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրենը: Միքայել Աղասանդյանի խոսքով՝ կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին:
Նա հավելել է, թե ՀԱՊԿ-ը երբեք չի հրաժարվել աշխատել տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ, նաև նշել՝ ՀԱՊԿ-ը, ինչպես և միջազգային բոլոր կազմակերպությունները, «կախարդական փայտիկ չունի», որի օգնությամբ կարելի է ցանկացած խնդիր լուծել։
«Պատրաստ ենք աշխատել նաև մեր դաշնակցին աջակցության այլ համատեղ միջոցառումների շուրջ: Ու հուսով ենք՝ Երևանը հասկանում է, որ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա՝ հարվածելու Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերին»,- հավելել է պաշտոնյան։
Աղասանդյանի խոսքով՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է, որը հիմնված կլինի բանակցությունների, փոխադարձ հարգանքի և փոխզիջումների գնալու պատրաստակամության վրա:
ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ՌԴ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, հանգամանալից քննարկել հացահատիկի գործարքը: Կրեմլի ղեկավարը նշել է, որ Մոսկվան կվերադառնա սևծովյան նախաձեռնությանը, միայն երբ Արևմուտքը կատարի պարենի ու պարարտանյութերի մատակարարումների հետ կապված ռուսական կողմի պահանջները:
Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ նախագահները քննարկել են նաև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը: Ռեջեփ Էրդողանը կոչ է արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են էսկալացիայի պատճառ դառնալ: Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են զարգացնել գործակցությունը զբոսաշրջության, առևտրատնտեսական, էներգետիկ ոլորտներում:
Թուրքական կողմը հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում կայցելի Թուրքիա: Հնարավոր այցի ժամկետներ դեռ չեն նշվում:
ՌԴ-Ն ԱԹՍ-ՆԵՐՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԻԶՄԱՅԻԼ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻՆ. ՈՒԿՐԱԻՆԱ
Ուկրաինական կողմը հայտնում է՝ ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Օդեսայի շրջանի Իզմայիլ նավահանգստին։ Հաղորդվում է լուրջ ավերածությունների մասին: Դանուբ գետի վրա գտնվող ուկրաինական նավահանգստային ենթակառուցվածքի թիրախավորման պատճառով ոչնչացվել է շուրջ 40.000 տոննա հացահատիկ: Վոլոդիմիր Զելենսկին, մեկնաբանելով տեղի ունեցածը, հայտարարել է, որ Ռուսաստանը հարվածում է համաշխարհային պարենային անվտանգությանը:
Ըստ ուկրաինական կողմի՝ զանգվածային հարձակման է ենթարկվել նաև Կիևի տարածքը, անօդաչու սարքերը հաջողվել է ոչնչացնել: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
ԹՐԱՄՓԻՆ 4 ԿԵՏՈՎ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
Դոնալդ Թրամփը օգոստոսի 3-ին պետք է ներկայանա Կոլումբիայի շրջանի դաշնային դատարան: ԱՄՆ նախկին նախագահին մեղադրանք է ներկայացվել 4 կետով՝ «Միացյալ Նահանգներին խաբելու նպատակով դավադրություն», «վկաների ցուցմունքները կեղծելու նպատակով դավադրություն», «ԱՄՆ քաղաքացիների իրավունքների դեմ դավադրություն», «դատավարության խոչընդոտում և խոչընդոտման փորձ»։
Հատուկ հարցերով դատախազ Ջեք Սմիթը նշել է, որ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը իրականում հարձակում էր ամերիկյան ժողովրդավարության վրա: Նրա խոսքով՝ այդպիսով Թրամփը փորձել է խանգարել կառավարությանը ամփոփել և հաստատել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները: