ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն օրերս ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Հանդիպման ընթացքում կարևորել ենք երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև ձևավորված արդյունավետ աշխատանքային հարաբերությունների անհրաժեշտությունը և համագործակցության խթանման հեռանկարները։
Քննարկել ենք նաև երկկողմ համագործակցության տարբեր մեխանիզմներ։ Առավել արդյունավետ փոխգործակցելու նպատակով ձեռք ենք բերել համաձայնություն՝ աշխատանքներ իրականացնել հարկային և մաքսային մարմինների միջև աշխատանքային կապի ստեղծման ուղղությամբ։
Դեսպան Յուն Ֆանը բարձր է գնահատել դեսպանության և Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-չինական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը, և պատրաստակամություն է հայտնել շարունակելու գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռք բերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։