ՄՈՍԿՎԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԱԹՍ-ՆԵՐՈՎ ՀԱՐՁԱԿՄԱՆ. ՌԴ ՊՆ
Եվրամիությունը կոչ է արել Ռուսաստանին չօգտագործել Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները որպես պատրվակ` Ուկրաինայում հակամարտությունը սրելու համար: Եվրահանձնաժողովի խոսնակ Նաբիլա Մասրալին հայտարարել է, որ տեղյակ չեն միջադեպի մանրամասներին: Նա նաև կասկածի տակ է դրել անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին ռուսական կողմի հաղորդագրությունների արժանահավատությունը:
Մոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերով հերթական հարձակմանը. քաղաքին մոտենալու ժամանակ սարքերից երկուսը խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով։ Մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է «Մոսկվա Սիթի» համալիրի շենքերից մեկին, որը վնասվել էր նախորդ հարձակման ժամանակ:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակման ժամանակ օգտագործվել է ընդհանուր առմամբ երեք անօդաչու թռչող սարք։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կիևի գործողությունները ահաբեկչական են, և առկա են միջազգային կազմակերպված հանցավոր խմբի բոլոր նշանները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումների վտանգն ակնհայտ է. ձեռնարկվում են անվտանգության միջոցներ։
ՄՈՍԿՎԱՆ ԱՐԱԳ ԸՆՏԵԼԱՆՈՒՄ Է ԼԻԱՐԺԵՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ. ՊՈԴՈԼՅԱԿ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ Մոսկվան արագ ընտելանում է լիարժեք պատերազմին, որը «շուտով վերջնականապես կանցնի պատերազմի հեղինակի» տարածք։
«Այն ամենը, ինչ հետագայում տեղի կունենա Ռուսաստանում, օբյեկտիվ պատմական գործընթաց է։ Ավելի շատ չբացահայտված անօդաչու թռչող սարքեր, ավելի շատ փլուզում, ավելի շատ քաղաքացիական բախումներ, ավելի շատ պատերազմ»,- նշել է Պոդոլյակը։
«ՎԱԳՆԵՐԻ» ՎԱՐՁԿԱՆՆԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՄԵԶ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է երկրում գտնվող «Վագների» մարտիկներին թողնել բելառուսական բանակում՝ պայմանագրային ծառայության: «Վագների» վարձկանները օգնում են մեզ և փոխանցում իրենց փորձը՝ նշել է Լուկաշենկոն Բրեստի շրջանի Բելովեժսկի քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
Բելառուսի նախագահի խոսքով՝ «Վագներ»-ի որոշ ստորաբաժանումներ անցել են ռուսական կանոնավոր բանակ ծառայության, նաև աշխատում են Աֆրիկայում, որոշ մասը կմնա Բելառուսում: Բելառուսի ՊՆ-ից ավելի վաղ հայտարարել էին, որ բելառուսական հատուկ գործողությունների ուժերը «Վագների» մարտիկների հետ մարտական ուսումնական առաջադրանքներ են կատարել Լեհաստանի սահմանի մոտ։ Այս համատեքստում Լեհաստանի իշխանությունները որոշել են ուժեղացնել Բելառուսի հետ սահմանի հսկողությունը։
ԱՄՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Հունգարիայի քաղաքացիների համար, այժմ ԱՄՆ ճանապարհորդության թույլտվությունը նրանց համար գործում է մեկ տարի և կարող է օգտագործվել միայն մեկ անգամ՝ հայտարարությունը տարածել է Բուդապեշտում ԱՄՆ դեսպանատունը։ Փաստաթղթում պարզաբանվում է, որ Վաշինգտոնի մտավախությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2011-ից 2020 թվականներին Հունգարիան քաղաքացիություն է շնորհել մոտ 1 միլիոն մարդու՝ առանց համապատասխան անվտանգային ստուգումներ ձեռնարկելու:
Ընդգծվում է, որ վիզային սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Բուդապեշտը չի լուծել առկա խնդիրները։
ՎԵՆԵՏԻԿԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԱՌԱՋԱՐԿԸ
ՅՈւՆԵՍԿՕ-ն առաջարկել է Վենետիկը ներառել վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության իր ցանկում։ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի գործակալությունը հայտնել է, որ քաղաքին սպառնում են անդառնալի վնասներ մի շարք գործոնների, այդ թվում` կլիմայական խնդիրների, զանգվածային զբոսաշրջության պատճառով: Գլոբալ տաքացման պատճառով բարձրանում է ծովի մակարդակը, և քաղաքը կանգնած է հեղեղումների վտանգի առաջ։ Կառույցում կարծում են, որ Իտալիայի իշխանությունները պետք է ավելին անեն Վենետիկը պաշտպանելու համար: Հանձնարարականը կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերին Էր Ռիադում: