ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում 2023-2024 ուստարում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը:
Հաստատությունը ուսպլանի պետական, դպրոցական և անհատական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ կազմում է տվյալ տարվա իր ուսումնական պլանը:
Վերոնշյալ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջներին համապատասխան:
2-րդ, 5-րդ և 7-րդ, ինչպես նաև մյուս դասարաններում ուսումնական պարապմունքների սկսվելու, ավարտվելու, ինչպես նաև արձակուրդների ժամկետները սահմանվում են «Հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն:
2023-2024 ուսումնական տարվա 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների ուսումնական պլանն ունի երեք՝ պետական, դպրոցական և անհատական (ընտրովի) բաղադրիչ։
Պետական բաղադրիչը ներառում է՝ ըստ դասարանների պետական պարտադիր առարկայացանկը և առարկայացանկում ընդգրկված ուսումնական առարկաներին հատկացված պարտադիր նվազագույն ժամաքանակները:
Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսպլանի պետական բաղադրիչով և հաստատության կողմից սահմանված առարկաներին: Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է սովորողների նախասիրություններին, հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով: Դպրոցական բաղադրիչի ժամերը հատկացվում են՝ հաշվի առնելով տվյալ դասարանում առարկայի դասավանդման համար պահանջվող տարեկան անհրաժեշտ ժամաքանակը։ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում դպրոցական բաղադրիչի ամբողջ ժամաքանակի բաշխումը պարտադիր է:
Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամերը հատկացվում են հաստատության սահմանած ուսումնական խմբակներին և ուսումնական նախագծերին՝ համապատասխան կարգի պահանջներին համաձայն: Անհատական բաղադրիչի ժամերը հատկացվում են՝ հաշվի առնելով խմբակի կամ նախագծի իրականացման համար պահանջվող տարեկան ժամաքանակը։ Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամաքանակից ժամեր են հատկացվում «Առողջ ապրելակերպ» ուսումնական խմբակին (5-րդ և 7-րդ դասարաններ):
Հաստատության 7-րդ դասարանում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից (առարկաներից)։
Ուսումնական պլանի անհատական (ընտրովի) բաղադրիչով պարապմունքները կազմակերպվում են պետական և դպրոցական բաղադրիչների ժամաքանակի շրջանակում իրականացվող պարապմունքներից հետո: Անհատական բաղադրիչի ժամաքանակը հաստատությունը բաշխում է ըստ կրթական աստիճանների և 7-րդ դասարանից սկսած՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի կողմից իրականացվող առնվազն մեկ ուսումնական նախագծի ուղղվածությունն ու բովանդակությունը:
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է նաև Տավուշի մարզի հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում 2023-2024 ուստարում ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ ուղեցույցը: