Փոքրիկ Դանիելի աշխարհում նորից ձայներ կլինեն: Տղային մեկ ամիս առաջ կատարվել է Կոխլեար իմպլանտացիա՝ տեղադրվել է խխունջային իմպլանտ, իսկ հիմա միացվում է արտաքին լսողական սարքը:
Ձայները նրան նախ անակնկալի են բերում, հետո վախեցնում: Բայց և աստիճանաբար դառնում սովորական:
Դանիելի հայրը բառեր չի գտնում՝ նկարագրելու իր ապրումները:
Մինաս Հայրապետյան (Դանիելի հայրը) - Բայց ուրախությունը մեծ է:
1 տարեկան 7 ամսական տղան սկզբում լսողության խնդիր չի ունեցել: Դա առաջացել է մեկ տարեկանում՝ ծանր հիվանդությունից հետո:
Մինաս Հայրապետյան - Ի ծնե չի եղել, նորմալ է եղել: Հիվանդություն է տարել ինչ-որ: Ջրծաղիկ:
Մեկ ամիս առաջ Դանիելի հետ վիրահատվել է ևս 14 հիվանդ: Նրանք նույնպես կսկսեն լսել, հետո նաև խոսել:
Կոխլեար իմպլանտացիայի ծրագիրն իրականացվում է 2004 թվականից ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Յու Սի Էլ Էյ (UCLA) համալսարանական հիվանդանոցի հետ գործակցությամբ: Վիրահատություններն արվում են աշխարհահռչակ քիթ-կոկորդ-ականջաբան, պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի գլխավորությամբ և «Էրեբունու» մասնագետների մասնակցությամբ: Ծրագրի շնորհիվ այսօր 230-ից ավելի երեխա լսում և խոսում է:
Ծրագիրն իրականացվում է Հայկական բժշկական հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանն ասում է՝ ամեն երեխա չէ, որ իմպլանտի կարիք ունի, և դրված են շատ խիստ չափանիշներ:
Սալբի Ագարակյան (Հայկական բժշկական հիմնադրամի նախագահ) - Ամեն մեկ երեխան, որ մենք ուզենք վիրահատել, արդյունքները պետք է լինեն հարյուր տոկոսով: Ոչ միայն երեխան լսի, նաև կարողանա խոսել:
Հայկական բժշկական հիմնադրամի նախագահը վստահեցնում է՝ մինչև հիմա որևէ երեխա ֆինանսի պատճառով դուրս չի մնացել ծրագրից, եթե իմպլանտացիայի համար եղել է բժշկական ցուցում, և, իհարկե, եթե ընտանիքը սոցիալապես ապահովված չէ: Խոսքը մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող ծառայության մասին է, որը շահառուներին տրամադրվում է անվճար: Վերջերս ծրագրին միացել է նաև Հայաստանի Կառավարությունը՝ առողջապահության նախարարությունը՝ 4, վարչապետի աշխատակազմը՝ 2 տարի առաջ:
Սալբի Ագարակյան - Անցյալ տարի արեցին, սա երկրորդ տարին է, որ շարունակական ձևով գնում, նայում են այդ ծնողների վիճակը, զանգ են տալիս, ինձ ասում են՝ մենք պիտի կարողանանք այս երեխային, այս երեխային, հովանավորենք: Եվ իսկապես դա արդար ձևն է:
Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Արդեն 4-րդ տարին է՝ մենք ամբողջովին վիրահատության և հետվիրահատական մեկ տարվա ռեաբիլիտացիոն շրջանը ամբողջությամբ կատարվում է պետպատվերի շրջանակներում, և այս ծրագիրն իհարկե շարունակական է, և տանում ենք աշխատանքներ, որպեսզի ավելի ընդլայնենք և տարեցտարի ավելի է շատանում վիրահատվող երեխաների թիվը:
Միջազգային չափանիշներով նման վիրահատությունների համար լավագույն ժամանակահատվածը մինչև մեկ տարեկանն է: Այդ իսկ պատճառով Հայաստանում գործում է լսողական սքրինինգային ծրագիր. ծննդատնից սկսած մինչև վեց ամսականը պետք է ստուգվի երեխաների լսողությունը, որ խնդիրը հայտնաբերվի վաղ փուլում: Գործընթացը նաև թվայնացվում է՝ ստեղծելով էլեկտրոնային ռեգիստր, որը թույլ կտա գործընթացը վերահսկել ծննդատնից մինչև վիրատություն ու հետվիրահատական փուլ, որպեսզի չլինի որևէ բացթողում: