Կապանում բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը: Այսպիսի կենտրոններ կան արդեն Մարտունիում, Գորիսում, Ջերմուկում: Շուտով կենտրոն կբացվի նաև Իջևանում և Եղեգնաձորում, որտեղ նաև առաքելության գլխավոր կենտրոնակայանն է:
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հույս հայտնեց, որ Կապանի կենտրոնի բացումը դրական կանդրադառնա խաղաղության գործընթացի վրա:
Մարկուս Ռիտեր - Ըստ Եվրամիության ծրագրի՝ մենք նախատեսում ենք նմանատիպ 6 բազա ունենալ:
Բացման արարողությանը ներկա Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նույնպես կարևորեց կենտրոնի բացումը հատկապես Կապանում:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Դիտորդական առաքելության ներկայությունը նախևառաջ զսպողություն կունենա սահմանի երկայնքով այս հատվածում, ինչպես նաև կայունություն:
Մարզպետը հույս հայտեց, որ դիտորդական առաքելությունը իր աշխատանքը կկատարի այնպես, ինչպես ակնկալում է Կապանում բնակվող ժողովուրդը, և, ըստ նրա՝ արդյունքները սպասեցնել չեն տա:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերն էլ նշեց, որ անցած տարի հոկտեմբերին, երբ Կապանում էր՝ որպես տեխնիկական աջակցության առաքելության անդամ, չէր կարող պատկերացնել, որ ԵՄ առաքելությունը երկարաժամկետ կլինի։
Յան Պլեշինգեր (ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգեր) - Հասկանում ենք, որ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ...
Օպերատիվ բազան այնքան էլ մեծ չէ, նշում են՝ իրենց աշխատանքը ոչ թե այս կենտրոնում է, այլ՝ սահմանին: Նախատեսում են, որ այստեղ կաշխատի 8 դիտորդ: Կենտրոնի բացմանը ներկա էին նաև ԵՄ անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, նրանց թվում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինը, որը հենց Սյունիքից սկսեց իր մարզային այցերը: Մարզպետը դեսպանների հետ նաև առանձին հանդիպումներ է ունեցել՝ առանցքում մարզի անվտանգության հարցերն են եղել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան