44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսքն ուղղելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, հարցրեց՝ բան ունի՞ ասելու, քանի որ այս պահին ուղիղ եթերում է:
Տոնոյանը նախ նկատեց՝ չնայած ընդդիմադիրների մասնակցության վերաբերյալ իր խնդրանքին՝ հանձնաժողովի անդամների կազմը չի փոփոխվել, ընդդիմությունն այսօր էլ ներկա չէ:
«Կարծում եմ, որ սա իրականում պաշտպանության և անվտանգության հետ կապված հարցերում կորսված պահ է: Ամեն դեպքում, սա իմ գնահատականն է, ինչպիսին էլ որ շահարկումները կշարունակվեն լինել ընդդիմադիրների կողմից, որոնք, հիմա բաց ասում եմ, ինձ համար անընդունելի են»,- ասաց Տոնոյանը և առաջարկեց անցնել փակ ռեժիմի:
Անդրադառնալով քննիչ հանձնաժողովի նիստին ընդդիմության մասնակցությանը՝ Անդրանիկ Քոչարյանը նկատեց. «Ափսոսում եմ, բայց մենք գնում ենք առաջ, չենք սպասում՝ իրենք ինչ գնահատականներով հանդես կգան, որովհետև սա վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, և մեր աշխատանքները միտված են այդ անվտանգության բոլոր կորուստների վերականգնման հնարավորությունների ստեղծմանը»:
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովն աշխատանքը կշարունակի փակ ձևաչափով: