Միջազգային շուկաներին ցորեն մատակարարող հացահատիկի գործարքի դանդաղումից Հայաստանի բաժին ալյուրը պետք է որ չթանկանա, քանի որ մեր երկիրն այն հիմնականում Ռուսաստանից է ներկրում։ Ավելին, խառը այս իրավիճում ցորենի նաև էժանացումը չի բացառվում, կանխատեսում են Կենտրոնական բանկում։
Հայկ Ավետիսյան (ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ) - Նույնիսկ սցենարներ կան որ Հայաստանի դեպքում կարող է իջնել:
Գլխավոր դրամատանն արձանագրել են` դրսի ապրանքային բորսաներից գնաճային ճնշումներ չենք սպասում, երկրի ներսում 12-ամսյա գնաճը հունիսին նույնիսկ բացասական է եղել, ունեցել ենք կանխատեսածից բարձր տնտեսական ակտիվություն։ Արդյունքում՝ այսօրվա նիստում նորից 0,25 տոկոային կետով իջեցրել են վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ֆիքսելով այն 10,25 տոկոս մակարդակում։ Խնդիրը թերևս միայն, այսպես ասած, կոշտ գնաճն է՝ երկրի հյուրերի ունեցած շատ փողի առաջ բերած` հյուրանոց-ռեստորանների, հանգստի սեկտորի, անշարժ գույքի չկարգավորվող գները, ասում են ֆինանսիստները։
Հայկ Ավետիսյան - Հայաստանում ապրել-աշխատելու եկած հիմնականում ռուսաստանցիներին այս փուլում էլ տուրիստների հոսքն է ավելացել։ Հնարավոր է, որ էդ հոսքերը որ մենք տեսել ենք՝ նույն ռելոկանտների ընտանիքներն են տեղափոխվում, բայց կարելի է ասել` մենք և բացած ԱՁ-ների, և հոսքերի մասով դեռ էական դանդաղում չենք տեսնում:
«Ռուսաստանի հետ ֆինանսական կապերի մասով արդյո՞ք Հայաստանի բանկային համակարգը միջազգային սանկցիաների տակ հայտնվելու ռիսկ չի տեսնում» հարցին այստեղ պատասխանում են` ամեն ինչ հնարավոր է, բայց փորձում են ծրագրերն այնպես կազմել, որ խուսափեն։ Նաև այդ պատճառով է երկրում հիմա ընդամենը 6 բանկ ու վճարային կազմակերպություն մնացել, որ Յունիսթրիմով գործարք է անում։
Հայկ Ավետիսյան - ՀՀ-ում կան բանկեր, ոչ փոքր քանակությամբ, որ աշխատում են «Յունինոմ»` ռուբլով և դրամով, ոչ արտարժույթով, այդ առումով մեր քաղաքացիները կարողանում են ստանալ:
Ընդհանուր վերցրած՝ բանկային համակարգում կայուն վիճակ է, գնահատեցին գլխավոր դրամատան պատասխանատուները՝ չնայած տնտեսության որոշ ոլորտների համար հնչող գերտաքացման անհանգստությունների ու բիզնեսի կողմից փողի պահանջարկի։ Հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով՝ նախորդ շաբաթ հակացիկլիկ բուֆերն, օրինակ, թողել են՝ 1,5 տոկոսի վրա։
Արմեն Նուրբեկյան (ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ) - Պարտադիրից ավել պահանջում ենք, որ բանկերը պահեն, ոչ թե` այն պատճառով, որ մենք գերատաքացում ենք տեսել, այլ որ դա ճիշտ վարքագիծ է, որ մեր խնդիրների դեպքում մենք կարողանանք հաղթահարել խնդիրը:
Աշոտ Սարգսյան (ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության վարչության պետ) - Վարկավորման այսօրվա վիճակը վարքագիծը կբնութագրերի որպես խելամիտ` ոչ ավելցուկային, ոչ էլ պակաս․ մայիսի ամսվա կտրվածքով 14 տոկոս աճը նորմալ է
Ինչ վերաբերում է ռեյթինգային «ՖԻՏՉ» գործակալության կողմից երկրի վարկանիշը բարձրացնելուն զուգահեռ արած կանխատեսմանը, թե՝ ազգային մեր արժույթը՝ դրամը, մինչև 24 թվականը չափավոր կարժեզրկվի, բանկից հակադարձում են։
Արմեն Նուրբեկյան - Այսօր մենք այդպիսի նախադրյալներ չենք տեսնում, եթե արժութային շուկայում այսօր տեսնենք՝ արժևորման ճնշումները շարունակվում են, հոսքերը կայունացել են, բայց դեռ բարձր են մնում: Ռիսկերը երկու կողմից են՝ փոխարժեքը կարող է թե արժեզրկվել, թե արժևորվել, աշխարհաքաղաքականը թիվ մեկ խնդիրն է:
Ըստ Նուրբեկյանի՝ փոխարժեքն առաջիկայում ինչ վարք կցուցաբերի` կախված կլինի նաև տնտեսության, արտադրողականության աճի որակից ու տևողությունից։