«Այն փաստը, որ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները և Եվրոպան, առավել մեծ դերակատարություն են ստանձնել այստեղ, զայրացրե՞լ է ավանդաբար տարածաշրջանային տերությանը՝ Ռուսաստանին, թե՞ հակառակը, այն փաստը, որ Ռուսաստանը լծված է ուկրաինական հարցով, տարածություն է տվել այլ դերակատարներին գալ և փորձել օգնել ձեզ և Ադրբեջանին գտնել ընդհանուր եզրեր»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է Euronews-ի լրագրողը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Գիտեք, իրականում այդպիսի դրվագներ լինում են, երբ, պատկերավոր ասած, աշխարհաքաղաքական խանդի որոշակի տեսարանների ականատես ենք լինում: Բայց ես նաև ուրախությամբ պետք է նկատեմ, ընդ որում՝ տարբեր կողմերից, ոչ միայն մի կողմից, այլ տարբեր կողմերից, այդպիսի երևույթներ նկատվել են պարբերաբար, որ կարծես թե արդեն այլևս որոշակի շեշտադրումների փոփոխություններ կան: Եվ այդ փոփոխությունը հետևյալն է. մենք տարբեր կողմերից լսում ենք հայտարարություններ, որ ցանկացած հարթակ, որը բարենպաստ կլինի խաղաղության գործընթացի համար, իրենք դա ողջունում են և կողջունեն: Եվ սա շատ կարևոր է: Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ այդ տեսարաններն իրականում մեզ հետ ուղիղ չեն կապված, որովհետև գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն էր գործում, որը ստեղծված էր Լեռնային Ղարաբաղի խնդրի հասցեագրման համար, բայց 2022 թվականի ուղիղ փետրվարի 24-ից համանախագահները փաստացի ֆիզիկապես դադարեցրին իրենց շփումները: Նրանց մի մասը որոշեց, որ չի ուզում շփվել մյուս մասի հետ: Եվ այդտեղ առաջացավ նման խնդիր: Իրականում Ձեր նշած որոշակի կամ իմ անվանած աշխարհաքաղաքական խանդի ժանրն ի հայտ եկավ այդ ամսաթվից հետո, որովհետև մինչև այդ, ըստ էության, նման ժանր չկար: Բայց մյուս կողմից, իհարկե, առավել արդյունավետ կլինի, եթե միջազգային գործընկերները մեկտեղեն իրենց ջանքերը: Վերջերս կան նշաններ, որ նրանք, այնուամենայնիվ, այս տրամաբանության նկատմամբ՝ երկրորդ տրամաբանության նկատմամբ, որոշակի հետաքրքրություն ցուցաբերում են»:
Լրագրողը հիշեցրել է` նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահին Մոսկվա՝ բանակցությունների նոր փուլի համար։
«Ի՞նչ կարող եք ասել այս տարածաշրջանում Ռուսաստանի ներկայիս ազդեցության մասին»,- հետաքրքրվել է նա։
Վարչապետը պատասխանել է.
«Նախ հրավերի մասին՝ ես դեռ որևէ հրավեր չեմ ստացել, սա պիտի ընդգծեմ: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի ներկայությանը, գիտեք, իհարկե, Ուկրաինայի իրադարձությունների բերումով ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս աշխարհաքաղաքական խաղացողների ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ նվազում է, որովհետև գործնականում Ուկրաինան ամբողջ միջազգային ուշադրությունը կենտրոնացնում է իր վրա: Եվ, իհարկե, այդ գործոնը կա: Բայց Ռուսաստանը մեր տարածաշրջանում ներկա է, ներկա է Լեռնային Ղարաբաղում, ներկա է Հայաստանի Հանրապետությունում, բայց ներկա է նաև Եվրամիությունը. Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր գործոն է: Իհարկե, առաքելությունը պետք է լիներ երկու կողմից, որովհետև ի սկզբանե այդպիսին էր պայմանավորվածությունը, որը ձեռք բերվեց Պրահայում 2022թ. հոկտեմբերի 6-ին քառակողմ հայտարարության ընթացքում, համենայնդեպս այդ ժամանակ էր, որ առաջին անգամ Եվրամիության առաքելությունը եկավ մեր տարածաշրջան և ի սկզբանե կարծես կար համաձայնություն, որ պետք է երկու կողմից սահմանին ներկա գտնվեն Եվրամիության առաքելության ներկայացուցիչները, բայց ինչ-ինչ պատճառներով հընթացս Ադրբեջանը կարծես թե դրանից հրաժարվեց»: