Euronews-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակմանը:
«Եկեք խոսենք տեղում իրավիճակի մասին։ Դուք նշեցիք Լաչինի միջանցքը։ Արդարադատության Միջազգային Դատարանը, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, բոլորը պահանջել են երաշխիքներ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության վերաբերյալ։ Ի՞նչ է տեղի ունենում այս առումով, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հանդիսանում է վճռորոշ դարպաս»,- հարց է ուղղել լրագրողը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Նախ, ես կուզենայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը տարանջատել Ձեր թվարկած մյուս գործոններից, որովհետև Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ունի պարտադիր իրավական ուժ, այսինքն՝ դա միջազգային բարձրագույն դատական ատյանն է, որի որոշումներն ունեն բարձրագույն իրավական ուժ, և այդ դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա սույն թվականի փետրվարի 22-ին ընդունել է որոշում, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իրեն հասու բոլոր քայլերը՝ Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, ապրանքների և քաղաքացիների երկկողմանի շարժն ապահովելու համար, և հուլիսի 6-ին այդ որոշումը վերահաստատել է:
Սա շատ կարևոր է նաև միջազգային իրավակարգի տրամաբանության տեսակետից, որովհետև Միջազգային իրավունքի բարձրագույն դատական ատյանի որոշումը չի կատարվում: Դա ընդհանրապես օրենքի և օրինականության տեսակետից, կարծում եմ, գլոբալ առումով վատ մեսիջ է և մտածելու նյութ՝ միջազգային հանրության համար, համենայնդեպս, մենք աշխատելու ենք այս խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու համար:
Ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում. Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է: Ի՞նչ է նշանակում հումանիտար ճգնաժամ. Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես սնունդ չի մատակարարվում, արտաքին մատակարարման սնունդ չկա, չկան առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ, չկա մանկական սնունդ, չկա դեղորայք, չկան հիգիենիկ պարագաներ, չկան առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղին էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից, վառելիքի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից: Եվ այս առումով մենք այնտեղ սովի իրական վտանգի առաջ ենք կանգնած, առողջապահական խնդիրների և այլն, և այսպես շարունակ»:
Լրագրողը հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակաբար հերքում է, որ նրանք են դա անում, նրանք պնդում են, որ «Աղդամի ճանապարհը հասանելի է»։
«Տեսեք, ես չգիտեմ Դուք ինչի մասին եք խոսում, որովհետև ես խոսում եմ այն փաստաթղթի մասին, որը ես ստորագրել եմ, և որն ունի միջազգային փաստաթղթի կարգավիճակ: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և որը ոչ թե զուտ ճանապարհ է, այլ 5 կմ լայնությամբ տարածություն, պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից, և որը պետք է ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև:
Սկզբունքորեն, գիտեք, կներեք, մի քիչ աբսուրդ բան ասեմ, բայց լուսնից դեպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհը բաց է, ոչ մի անցագրային կետ չկա, բայց ես չեմ կարող խոսել ինձ անհայտ ինստիտուտների մասին, թե դա ինչ ճանապարհ է՝ Մարսից, լուսնից: Ես խոսում եմ նրա մասին, ինչը փաստաթղթավորված հասկացություն է: Հիմա այդ ճանապարհը փակ է, եթե որևէ մեկը կասկածում է, Դուք կարող եք հենց հիմա փորձել գնալ դեպի Լեռնային Ղարաբաղ:
Իմիջիայլոց, երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն հայտարարեց, որ Լաչինի միջանցքի փակ լինելու բերումով ինքը չունի հնարավորություն հումանիտար օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ: Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է՝ նախ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պաշտոնապես հայտարարում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը, հակառակ դեպքում չէր ասի, որ ես չեմ կարող օգնություն հասցնել, և երկրորդը՝ արձանագրում է, որ ինքը դա չի կարող անել և երրորդը՝ չի կարող անել Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով: Սրան հետևեց նաև, եթե չեմ սխալվում, «Freedom house» միջազգային կազմակերպության արձագանքը՝ կոչով, որ պետք է ապահովել հումանիտար բեռների հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ:
Հայաստանի կառավարությունը երեկ որոշում է կայացրել և այսօր ճանապարհին է այդ օգնությունը՝ 400 տոննա հումանիտար բեռ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Տեսնենք՝ կգնա՞ Լեռնային Ղարաբաղ այդ օգնությունը, թե՝ ոչ: Այսինքն, ըստ եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման, այդ հումանիտար օգնությունը պետք է տեղ հասնի: Հիմա կտեսնենք՝ տեղ կհասնի՞, թե՝ ոչ:
Վերադառնալով հումանիտար ճգնաժամին, հետևյալն ասեմ. իհարկե, Լեռնային Ղարաբաղում, մանավանդ այս սեզոնին, որոշակի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվում են, բայց Ադրբեջանի զինվորականները կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց, գյուղատնտեսական տեխնիկայի վրա: 2020 թվականից այս կողմ մենք դեպքեր ունենք, երբ տրակտորիստը սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս: Բայց հիմա տրակտոր էլ չի աշխատում, որովհետև վառելիք չկա: Եվ վառելիքի բացակայության պատճառով մարդիկ չեն կարողանում բերքահավաք իրականացել, եթե ինչ-որ հրաշքով բերքահավաք են իրականացնում, ասենք, օրինակ, հացահատիկի, այդ բերքը հնարավոր չէ կրկին վառելիքի բացակայության պատճառով հասցնել ալրաղացներ, եթե ինչ-որ հրաշքով ալյուր են ստանում՝ կրկին վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հասցնել հացի թխման արտադրամասեր, եթե ինչ-որ հրաշքով ալյուրը հասցնեն՝ էլեկտրաէներգիայի, գազի բացակայության պատճառով հնարավոր չէ արտադրական ծավալներով հաց արտադրել, եթե ինչ-որ ձևով հնարավոր է հաց արտադրել՝ կրկին տրանսպորտի բացակայության պատճառով այդ հացը դժվար է կամ հնարավոր չէ խանութ հասցնել: Եթե հնարավոր է խանութ հասցնել՝ հասարակական և մասնավոր տրանսպորտ չի գործում կրկին վառելիքի բացակայության պատճառով, որպեսզի մարդիկ գնան և այդ հացը ձեռք բերեն խանութից: Եթե ինչ-որ ձևով նրանց հաջողվի հասցնել խանութ, այս բլոկադայի պատճառով բոլոր ձեռնարկությունները փակվել են, բոլորը կորցրել են իրենց աշխատանքը և մարդիկ չունեն եկամուտներ խանութից հաց ձեռք բերելու համար: Եթե ինչ-որ հրաշքով ունեն հաց ձեռք բերելու համար անհրաժեշտ եկամուտ՝ հերթերն այնքան մեծ են, իսկ ապրանքն այնքան քիչ, որ նույնիսկ ինչ-որ հրաշքով այդ խանութի մոտ հասնելով այդ վաճառվող քիչ, հրաշքով, հրաշքի շղթայով խանութ հասած ապրանքն իրենց կարող է ուղղակի չհասնել:
Եվ այսպես նույն տրամաբանությամբ նայենք՝ մանկական սնունդ. պատկերացրեք՝ երիտասարդ մայրերը չունեն հնարավորություն երեխաներին կերակրել մանկական սնունդով: Ընդ որում, նրանցից շատերը, գուցե հենց սկզբից բնական ճանապարհով չեն կերակրել երեխաներին, և սկսել են մանկական սննդով կերակրել և մի օր ուղղակի մանկական սնունդն անհետացել է»: