Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա սահմանը, Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը, տասնամյակների պատմություն ունեցող հակամարտության կարգավորման հարցում Արևմուտքի և Ռուսաստանի միջնորդական ջանքերը և դեպի խաղաղություն երկար ճանապարհը՝ այս թեմաներին Euronews-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահը: Լրատվականի միջազգային թղթակից Անելիզ Բորխեսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տված հարցերն ուղղել է նաև Իլհամ Ալիևին:
«Ո՞րն է ձեր առաքելությունը»,- հարցրել է լրագրողն Ալիևին:
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) - Պատերազմում հաղթելն իմ կյանքի կամ գոնե քաղաքական կյանքի առաքելությունն էր, ես այն հաջողությամբ իրագործեցի։ Եվ հիմա մենք խոսում ենք խաղաղության մասին: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, մենք այն կհաստատենք, քանի որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք և չենք ուզում, որ նրանք էլ մեր նկատմամբ ունենան:
Ալիևը հերթական անգամ կրկնել է այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ընտրեն՝ կամ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կամ հեռանալ:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին՝ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ պնդել է, թե իբր Լաչինի միջանցքով տեղաշարժն արգելափակված չէ, և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 2000 բնակչի թույլատրվել է անարգել անցել անցակետով:
ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ. ԱԼԻԵՎԸ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ալիևը խոսել է բանակցային գործընթացից, ընդգծել՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը տևական խաղաղության հաստատում չի ենթադրում, ուստի կողմերը վերջնական կարգավորման գործընթաց են մեկնարկել։ Նա հավելել է՝ բանակցությունները հարթ չեն, բայց Բաքուն լավատեսությունը չի կորցնում, քանի որ այժմ շատ ակտիվ քննարկումներ են ընթանում։
Իլհամ Ալիև - Մեր հանդիպումները, իրականում, թույլ են տալիս շատ զգայուն հարցեր քննարկել, օրինակ՝ ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, ի՞նչ կլինի տրանսպորտային կապերի հետ: Խաղաղության պայմանագրի կոնկրետ կետերի շուրջ հիմնական աշխատանքն իրականացնում են նախարարները, իսկ ղեկավարների հանդիպումները, կարծում եմ, բարենպաստ ֆոն են ստեղծում։ Եվ ամենակարևորը՝ եթե հայկական կողմը հրաժարվի մեր տարածքային ամբողջականությունը վիճարկելու ձգտումներից, մենք կկարողանանք խաղաղ լուծում գտնել շատ շուտով՝ գուցե նույնիսկ մինչև տարեվերջ:
Խոսելով խաղաղության գործընթացին ներգրավված միջնորդների մասին՝ Ալիևը նշել է՝ հաշվի առնելով Ադրբեջան-Եվրամիություն և Հայաստան-Եվրամիություն գործակցության մակարդակը՝ ԵՄ-ն կարող է լինել լավագույն միջնորդը:
Իլհամ Ալիև - Եվրոպական նախաձեռնությունն այժմ վերածվում է շատ ակտիվ երկխոսության ձևաչափի: Կարևոր է թույլ չտալ, որ իրավիճակը լճանա, քանի որ եթե ընդմիջում վերցնենք, ապահովագրված չենք վտանգավոր սցենարից։
Լրագրողը հետաքրքրվել է Ալիևից՝ «Արդյոք տարածաշրջանային ավանդական միջնորդին՝ Ռուսաստանին, մտահոգո՞ւմ է այն փաստը, որ Արևմուտքն ավելի էական դեր է խաղում տարածաշրջանում»:
Իլհամ Ալիև - Մոսկվա՛ն է միջնորդել նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի ստորագրման հարցում։ Հայ գործընկերոջս հետ մեր առաջին հանդիպումները և՛ս կազմակերպել է Մոսկվան: Ռուս-ուկրաինական պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ավելի ակտիվ են։ Իրականում էական տարբերություն չկա՝ ով է գլխավորելու գործընթացը կամ յուրացնելու միջնորդության դափնիները։ Կարևորն արդյունքի հասնելն է:
Ալիևը հավելել է, որ Մոսկվայի հետ Բաքվի հարաբերությունները կմնան հավասարակշռված: «Ռուսաստանը մեր հարևանն ու գործընկերն է»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը:
Euronews-ի թղթակիցը, ամփոփելով հարցազրույցները և տեղացիների հետ իր շփումները, եզրափակել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ցանկացած կարգավորում պետք է բացառապես հաշվի առնի մարդկանց շահերը: Միայն այդպես է հնարավոր կառուցել նոր իրականություն Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի բնակչության համար՝ չնայած դրա համար կարող է երկար ժամանակ պահանջվել: