ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելության տեղակայման քննարկմանը։ Կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին։
«ՀԱՊԿ-ի անդամ պետությունները երբեք չեն խորշել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան Հայաստանի մեր բարեկամներին առավելագույնս օգտագործել կազմակերպության լայն հնարավորությունները։ Մենք դեռևս ակնկալում ենք դրական արձագանք Երևանից և պատրաստ ենք վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնելու մյուս համատեղ միջոցների շուրջ»:
Դիվանագետն ընդգծել է, որ ըստ Մոսկվայի, «համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի վրա»։ «Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի»։
Միևնույն ժամանակ, Աղասանդյանը հույս է հայտնել, որ Երևանը հասկանում է, որ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա, որպեսզի «առավելագույն վնաս հասցնեն ՌԴ-ին և նրա դիրքերին Հարավային Կովկասում»:
«Այս խնդրին հասնելու համար նրանք փորձում են խաթարել տարածաշրջանային անվտանգության գործող մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հիմնված մեխանիզմները: Հուսով ենք, որ Երևանը դա լավ է հասկանում»,-նշել է դիվանագետը: Նա ասել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որի միջոցով լուծվում է ցանկացած խնդիր։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենաբարդերից է, այն ունի խոր պատմական արմատներ: Կայուն կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է, կողմերի փոխադարձ հարգանքը, փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու պատրաստակամությունը։ Այս համատեքստում ես չեմ կարող չնշել Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի առանցքային միջնորդական դերն այս բարդ գործընթացում», - եզրափակել է դիվանագետը: