Խաղաղություն ոչ միայն կարող է, այլև պետք է լինի: «Եվրոնյուզին» տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Դա է իմ մոտեցումը, դա է իմ համոզմունքը և հավատը: Բայց որպեսզի դա տեղի ունենա, նաև կարևոր է, որ միջազգային հանրությունը շատ որոշակի նյուանսներից տեղյակ լինի, որպեսզի հասկանալի լինի, իսկ ինչո՞ւ առաջընթացը բավարար տեմպով չէ:
Վարչապետը հիշեցրել է Բրյուսելում նախավերջին հանդիպումը, որին մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նիկոլ Փաշինյան - Մենք Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվեցինք, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29800 քմ Հայաստանի դեպքում և 86600 քմ տարածքային ամբողջականությունը, որից հետո Շառլ Միշելը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, որից հետո, երբ Հայաստանի լրագրողներն ինձ հարցրին դրա մասին, ես հրապարակային հաստատեցի այդ փաստը: Մինչև այս պահն Ադրբեջանի նախագահը հրապարակային չի հաստատել այդ պայմանավորվածությունը: Ճիշտ է՝ չի էլ հերքել: Սա մի նրբություն է, որը որոշակի լրացուցիչ վստահության պակաս է ստեղծում:
Փաշինյանի խոսքով՝ պայմանավորվածություն կա, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում:
Նիկոլ Փաշինյան - Այդ երկխոսությունը նույնպես մինչև այս պահը տեղի չի ունեցել: Բայց մենք պետք է հետևողականորեն աշխատենք: Ոչ մեկը չի խոստացել, որ հեշտ է լինելու խաղաղության հասնելը: Եթե հեշտ լիներ, վաղուց հաստատված կլիներ խաղաղություն:
ԼՂ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎԻ ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Խոսելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից, վարչապետն ասել է՝ բնակչությունը սովի իրական վտանգի առաջ է: Լեռնային Ղարաբաղում այս սեզոնին գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացվում, բայց Ադրբեջանի զինվորականները կրակում են, խոչընդոտում աշխատանքը:
Նիկոլ Փաշինյան - Վառելիքի բացակայության պատճառով մարդիկ չեն կարողանում բերքահավաք իրականացել, եթե ինչ-որ հրաշքով բերքահավաք են իրականացնում, ասենք, օրինակ՝ հացահատիկի, այդ բերքը հնարավոր չէ կրկին վառելիքի բացակայության պատճառով հասցնել ալրաղացներ, եթե ինչ-որ հրաշքով ալյուր են ստանում՝ կրկին վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հասցնել հացի թխման արտադրամասեր, եթե ինչ-որ հրաշքով ալյուրը հասցնեն՝ էլեկտրաէներգիայի, գազի բացակայության պատճառով հնարավոր չէ արտադրական ծավալներով հաց արտադրել, եթե ինչ-որ ձևով հնարավոր է հաց արտադրել՝ կրկին տրանսպորտի բացակայության պատճառով այդ հացը դժվար է կամ հնարավոր չէ խանութ հասցնել: Եթե հնարավոր է խանութ հասցնել՝ հասարակական և մասնավոր տրանսպորտ չի գործում կրկին վառելիքի բացակայության պատճառով, որպեսզի մարդիկ գնան և այդ հացը ձեռք բերեն խանութից: Եթե ինչ-որ ձևով նրանց հաջողվի հասցնել խանութ, այս բլոկադայի պատճառով բոլոր ձեռնարկությունները փակվել են, բոլորը կորցրել են իրենց աշխատանքը, և մարդիկ չունեն եկամուտներ խանութից հաց ձեռք բերելու համար: Եթե ինչ-որ հրաշքով ունեն հաց ձեռք բերելու համար անհրաժեշտ եկամուտ, հերթերն այնքան մեծ են, իսկ ապրանքը՝ այնքան քիչ, որ նույնիսկ ինչ-որ հրաշքով այդ խանութի մոտ հասնելով այդ վաճառվող քիչ, հրաշքով, հրաշքի շղթայով խանութ հասած ապրանքն իրենց կարող է ուղղակի չհասնել: Եվ այսպես նույն տրամաբանությամբ նայենք՝ մանկական սնունդ. պատկերացրեք՝ երիտասարդ մայրերը չունեն հնարավորություն երեխաներին կերակրել մանկական սնունդով:
Հակադարձելով լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանն ասում է, որ Աղդամի ճանապարհը հասանելի է, Փաշինյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում այդ ճանապարհի մասին խոսք չկա, այնտեղ ամրագրված է Լաչինի միջանցքը:
Նիկոլ Փաշինյան - Ես չգիտեմ՝ Դուք ինչի մասին եք խոսում, որովհետև ես խոսում եմ այն փաստաթղթի մասին, որը ես ստորագրել եմ, և որն ունի միջազգային փաստաթղթի կարգավիճակ: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և որը ոչ թե զուտ ճանապարհ է, այլ 5 կմ լայնությամբ տարածություն, պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից և որը պետք է ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև:
Վարչապետը ընդգծել է՝ Լաչինի միջանցքով այս պահին անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում հումանիտար օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ, տեղ չի հասնում նաև Հայաստանի կառավարության ուղարկած բեռը:
Նիկոլ Փաշինյան - Տեսնենք՝ կգնա՞ Լեռնային Ղարաբաղ այդ օգնությունը, թե՞ ոչ: Այսինքն, ըստ եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման, այդ հումանիտար օգնությունը պետք է տեղ հասնի: Հիմա կտեսնենք՝ տեղ կհասնի՞, թե՞ ոչ:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Վարչապետը նաև նշել է, որ ի հեճուկս եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա վերադարձված չեն գերիները, պատանդները, այլ պահվող անձինք: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ԵՄ միջնորդությանը: Որպես խնդիր նշել, որ եթե կողմերից որևէ մեկը բրյուսելյան պայմանավորվածությունները չի կատարում, կոնկրետ գնահատականներ չեն հնչում: Վարչապետը հիշեցրեց դեպքը, երբ Ադրբեջանի նախագահը Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ պարտավորվեց, բայց այդպես էլ չվերադարձրեց 10 գերու:
Նիկոլ Փաշինյան - Ես ենթադրում եմ, որ արդյունավետ միջնորդությունն այն է, երբ պայմանավորվածությունների չկատարման պարագայում նաև որոշակի առնվազն քաղաքական վերաբերմունք է ձևավորվում այդ պարտավորությունը չկատարողի նկատմամբ: Օրինակ՝ բրյուսելյան հարթակում մենք դա չենք տեսնում, և ես անընդհատ այս հարցը բարձրացրել եմ: Ես Ձեզ գաղտնիք կարող եմ բացել՝ մենք նույնիսկ ունենք պատրաստած մի փաստաթուղթ, որի անունը դրել ենք աուդիտ, որտեղ թվարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք բրյուսելյան հարթակում ձեռք են բերվել, բայց հետագայում չեն իրականացվել: Ահագին հաստ փաթեթ է ստացվել, ինչը մտահոգիչ է:
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՆԴԻ ԴՐՎԱԳՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ. ՓԱՇԻՆՅԱՆ
Խոսելով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մասին՝ վարչապետը հայտարարել է, որ համանախագահները 2022 թվականի փետրվարի 24-ից դադարեցրել են շփումները:
Նիկոլ Փաշինյան - Աշխարհաքաղաքական խանդի ժանրն ի հայտ եկավ այդ ամսաթվից հետո, որովհետև մինչև այդ, ըստ էության, նման ժանր չկար: Բայց, մյուս կողմից, իհարկե, առավել արդյունավետ կլինի, եթե միջազգային գործընկերները մեկտեղեն իրենց ջանքերը: Վերջերս կան նշաններ, որ նրանք, այնուամենայնիվ, այս տրամաբանության նկատմամբ՝ երկրորդ տրամաբանության նկատմամբ, որոշակի հետաքրքրություն ցուցաբերում են:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ աշխարհաքաղաքական խանդի դրվագներ նկատել է պարբերաբար և տարբեր կողմերից: Բայց վերջին շրջանում շեշտադրումների փոփոխություն է արձանագրել:
Նիկոլ Փաշինյան - Եվ այդ փոփոխությունը հետևյալն է. մենք տարբեր կողմերից լսում ենք հայտարարություններ, որ ցանկացած հարթակ, որը բարենպաստ կլինի խաղաղության գործընթացի համար, իրենք դա ողջունում են և կողջունեն: Եվ սա շատ կարևոր է:
ՌԴ-Ն ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՆԵՐԿԱ Է, ԲԱՅՑ ՆԵՐԿԱ Է ՆԱԵՎ ԵՄ-Ն. ՎԱՐՉԱՊԵՏ
Լրագրողի դիտարկմանը, թե ՌԴ նախագահի հրավերով Մոսկվայում Ալիևի և Փաշինյանի մասնակցոթյամբ բանակցությունների նոր փուլ է նախատեսված, վարչապետը պատասխանել է՝ դեռ որևէ հրավեր չի ստացել: Ըստ նրա՝ Ուկրաինայի իրադարձությունների բերումով ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս աշխարհաքաղաքական խաղացողների ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ նվազել է:
Նիկոլ Փաշինյան - Բայց Ռուսաստանը մեր տարածաշրջանում ներկա է, ներկա է Լեռնային Ղարաբաղում, ներկա է Հայաստանի Հանրապետությունում, բայց ներկա է նաև Եվրամիությունը. Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր գործոն է: Իհարկե, առաքելությունը պետք է լիներ երկու կողմից, որովհետև ի սկզբանե այդպիսին էր պայմանավորվածությունը, որը ձեռք բերվեց Պրահայում 2022թ. հոկտեմբերի 6-ին քառակողմ հայտարարության ընթացքում, համենայնդեպս այդ ժամանակ էր, որ առաջին անգամ Եվրամիության առաքելությունը եկավ մեր տարածաշրջան և ի սկզբանե կարծես կար համաձայնություն, որ պետք է երկու կողմից սահմանին ներկա գտնվեն Եվրամիության առաքելության ներկայացուցիչները, բայց ինչ-ինչ պատճառներով հընթացս Ադրբեջանը կարծես թե դրանից հրաժարվեց:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍԽԱԼ Է. ՓԱՇԻՆՅԱՆ
Ձեր առաքելությունը պատերազմ հաղթե՞լն է, թե՞ բանակցելը հանուն խաղաղության՝ լրագրողի այս հարցին ի պատասխան երկրի ղեկավարն ընդգծել է՝պատերազմը բոլոր դեպքերում սխալ է:
Նիկոլ Փաշինյան - Եթե կա պատերազմ՝ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է արել, կամ մի քանի հոգի են ինչ-որ բան սխալ արել։ Եթե մյուս կողմից նայենք, իրականում ի՞նչն է դառնում պատերազմի պատճառը, պատերազմի պատճառը խաղաղությունը պահպանելու կամ երկարաժամկետ խաղաղության հասնելու անհնարինությունից է ծագում։ Իսկ այդ անհնարինությունն ինչքանո՞վ է իրական, ինչքանո՞վ է անկեղծ, ինչքանո՞վ է օրիգինալ, դա մյուս հարցն է։
Հայաստանի ղեկավար խոսել է նաև քաղաքական լիդերների վրա դրված ծանր բեռի և պատասխանատվության մասին:
Նիկոլ Փաշինյան - Կարող է հարց հնչել, եթե հիմա դուք գնում եք այսպիսի զիջումների կամ փոխզիջումների, բա մեր երեխաներն ինչի՞ զոհվեցին, և այդ հարցի պատասխանը ոչ մեկը չունի, ոչ մեկը չի կարող տալ, երբեք։ Եվ այս հարցը, իմացեք՝ ցանկացած քաղաքական գործչի սեղանին դրված է։ Նույնիսկ եթե մարդը հասկանում է ապագայում զոհեր թույլ չտալու անհրաժեշտությունը, ինքը միշտ գիտի, որ պիտի երկրորդ հարցի պատասխանն էլ ստանա, բա նախկինում զոհվածներն ինչո՞ւ զոհվեցին, ուրեմն անիմա՞ստ էր այդ զոհողությունը։ Ուրեմն կրկին քաղաքական գործիչներն ուղղակի տարան այդ մարկանց սպանեցին և վերջ, ուրիշ որևէ իմաստ, բովանդակություն, նպատակ, առաքելություն այդ ամեն ինչի մեջ չկա՞։ Եվ շատ դժվար է մարդկանց բացատրել, որ, գիտեք՝ Ձեր որդին կամ դուստրը զոհվել են հանուն ապագա խաղաղության, ինչպե՞ս բացատրել մարդուն, որ կարելի է զոհվել հանուն խաղաղության, եթե մեր ողջ նպատակը խաղաղությունն է:
Ամփոփելով վարչապետը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը պետք է լինի հանրային պահանջ, ու ճկունություն և հմտություն է անհրաժեշտ այդ պահանջը իրականացնելու համար։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան