Euronews-ի լրագրողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է` որն է իր առաքելությունը` պատերազմ հաղթե՞լը, թե՞ բանակցելը հանուն խաղաղության։
«Ես Ստեփանակերտում գտնվող լրագրողի հետ եմ խոսել, ով գրեթե նույն ցավալի իրավիճակը ներկայացրեց։ Ուզում եմ խոսել 2020 թվականի մասին։ Հազարավոր մարդիկ են զոհվել՝ զինվորներ և քաղաքացիական անձինք։ Ես այստեղ էի` Հայաստանում, ու գնացի Լեռնային Ղարաբաղ այդ ընթացքում, խոսեցի զոհված զինվորականների մայրերի հետ, ես նաև մյուս կողմում ցավի ու ավերածությունների ականատեսը եղա իմ գործընկերների՝ Ադրբեջանում կատարած աշխատանքի արդյունքում։ Բայց ես հիշում եմ մայրերից մեկին Հայաստանում, ով իր որդու մահվան մեջ մեղադրում էր քաղաքական գործիչներին, ովքեր սովորել են դիվանագիտության արվեստը, բայց ընկել էին պատերազմի թակարդը։ Ձեր կարծիքով՝ Ձեր առաքելությունը պատերազմ հաղթե՞լն է, թե՞ բանակցելը հանուն խաղաղության»,- հետաքրքրվել է լրագրողը։
Ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Պատերազմը բոլոր դեպքերում սխալ է, այսինքն` եթե կա պատերազմ՝ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է արել, կամ մի քանի հոգի են ինչ-որ բան սխալ արել։ Եթե մյուս կողմից նայենք, իրականում ի՞նչն է դառնում պատերազմի պատճառը, պատերազմի պատճառը խաղաղությունը պահպանելու կամ երկարաժամկետ խաղաղության հասնելու անհնարինությունից է ծագում։ Իսկ այդ անհնարինությունն ինչքանո՞վ է իրական, ինչքանո՞վ է անկեղծ, ինչքանո՞վ է օրիգինալ, դա մյուս հարցն է։
Դուք խոսում եք ծնողի մասին, մայրիկի մասին, ով խոսում է քաղաքական գործիչների մասին: Ես, իհարկե, հասկանում և ընդունում եմ, և որևէ կերպ չեմ վիճարկում զոհված զինվորի մոր, կնոջ, երեխայի որևէ ասած։ Բայց մենք մոռանում ենք մի հանգամանք, որ քաղաքական գործիչներն էլ են մարդիկ, այնպես չէ, որ նրանք ինչ-որ առանձին գենետիկ վերարտադրությամբ արտադրվող այդպիսի տեսակ են։ Իմ որդին էլ է պատերազմում եղել, իմ կինն էլ է պատերազմում եղել, և այո՛, Դուք հիմա մի հարց եք առաջադրում, որը շատ լուրջ է, որն, իհարկե, լեգիտիմ հարց է, բայց կարծում եմ՝ այդտեղ շատ խորքեր կան։
Մարդկությունն իր ողջ գոյության ընթացքում խոսել է պատերազմները շրջանցելու, պատերազմներ թույլ չտալու, խաղաղության հասնելու մասին։ Եվ ենթադրենք՝ այս շենքում են վատ քաղաքական գործիչներ, իսկ աշխարհի այն մյուս հազարավոր ուրիշ շենքերո՞ւմ։ Դրա համար շատ հեշտ բացատրություն է՝ կան մարդիկ և կան քաղաքական գործիչներ: Ահա այս վատ քաղաքական գործիչները թույլ չեն տալիս, որ մարդիկ լավ ապրեն, որը ճիշտ է մեծ հաշվով, մի տարընթերցմամբ՝ հաջորդ պահին, մանավանդ ժողովրդավարական հասարակության մեջ, կարող են տեղերով փոխվել՝ քաղաքական գործիչը կարող է դառնալ մարդ, մարդը կարող է դառնալ քաղաքական գործիչ և իշխանավոր, և խնդիրն այն է, որ այդ ցիկլերը հազարավոր տարիներ կրկնվում են»։
«Դուք մի շատ կարևոր բան նշեցիք այստեղ։ Այս տարածաշրջանում առկա է շատ կոնկրետ ու ողբերգական ցիկլ, որտեղ մեկի հաղթանակը կարող է արձանագրվել միայն ու միայն մյուսի կապիտուլյացիայի միջոցով։ Այսօր ես խոսեցի մի երիտասարդ հայի հետ, ով ինձ ասաց, որ նա անկախության սերնդի ներկայացուցիչ է, և որ դեռ շատ փոքր էր՝ հայ և ադրբեջանցի երեխաների միջև երկխոսություններ էին կազմակերպվում Վրաստանի միջնորդությամբ։ Եվ նա ասաց, որ շատ բարյացակամորեն է դա հիշում։ Ի՞նչ եք կարծում, եթե խաղաղությանը հնարավոր լինի հասնել, նկատի ունեմ խաղաղության պայմանագիր կնքվի, հնարավոր կլինի՞ այն իրագործել այսքան ցավի մեջ, թե՞ ընդհակառակը, խաղաղությունը պետք է կառուցվի ներքևից դեպի վերև»,- հետաքրքրվել է լրագրողը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
« Այո՛, իհարկե, հավատում եմ։ Ես ուզում եմ իմ խոսքին ի շարունակություն` հետևյալ մի նյուանսի վրա Ձեր ուշադրությունը հրավիրել։ Քաղաքական գործիչներն իրականում և՛ հանրային տրամադրություններ ստեղծողներ են, և՛ հանրային տրամադրություններ կրողներ են, և՛ հանրային տրամադրության վրա ազդողներ են, և հանրային տրամադրությունից ազդվողներ են։ Դա շատ բարդ համակարգ է, բայց քանի որ Դուք խոսեցիք երիտասարդության մասին, հիշում եմ` 2018 թվականին ես մի այդպիսի գաղափար առաջ քաշեցի։ Ես տեսնում էի, թե սոցիալական ցանցերում հայ և ադրբեջանցի օգտատերերն ինչպիսի ագրեսիվ բառամթերք են օգտագործում։ Եվ իմ հրապարակային ասուլիսներից մեկում կոչ արեցի, որպեսզի սոցիալական ցանցերի հայ և ադրբեջանցի օգտատերերը, որոնք հիմնականում յութուբում նույն տեսանյութի տակ մեկնաբանություններ էին գրում, որպեսզի այդ հարթակն օգտագործեն խոսելու, ոչ թե հայհոյելու համար։ Ես կոչ արեցի այդ ժամանակ, բայց այդ կոչն, իհարկե, ինչպես հետո պարզվեց, բավարար արդյունք չեղավ կամ գուցե մենք բավարար հետևողականությամբ չաշխատեցինք այդ ուղղությամբ։
Պատերազմի տրամաբանության մեջ, ես ուզում եմ հետևյալն ասել, որ մենք երբեք չպետք է մոռանանք, պայմանական ասած, առաջին արյունի գործոնը, երբ որևէ տեղ զոհ է եղել, արյուն է հեղվել, սա շատ խորը հոգեբանական, սոցիալական, հանրային և քաղաքական պահ է։ Շատ դժվար է և՛ հանրության, և՛ քաղաքական գործիչների համար, իրականում այդպիսի բաժանում չկա։ Ես էլի եմ ասում, միշտ իմացեք, որ այո՛, քաղաքական գործիչներն ազդում են հանրության տրամադրության վրա, բայց ազդվում են նաև հանրության տրամադրությունից, և հակառակը։ Շատ դժվար է երբեմն ընդհուպ գնալ այնպիսի լուծումների, զիջումների, որոշումների, որոնք խորքում կարող են նշանակել, որ նախկինում զոհված մարդիկ իզուր են զոհվել: Սա բոլոր տեղերում այդ պրոբլեմը կա ու երբեք այդ պրոբլեմը մի տեղ, մի կողմից չէ։
Տեսեք, Դուք խոսում եք զոհվածի մոր մասին, պատկերացրեք, թե դա ակնհայտորեն ինչ կարևոր գործոն է, որ Դուք հիմա մեր զրույցում դա դարձրել եք քննարկման նյութ։ Բայց դրանից առաջ կամ դրանից հետո էլ կարող է հարց հնչել, եթե հիմա դուք գնում եք այսպիսի զիջումների կամ փոխզիջումների, բա մեր երեխաներն ինչի՞ զոհվեցին, և այդ հարցի պատասխանը ոչ մեկ չունի, ոչ մեկ չի կարող տալ, երբեք։ Եվ այս հարցն իմացեք՝ ցանկացած քաղաքական գործչի սեղանին դրված է։ Նույնիսկ եթե մարդը հասկանում է ապագայում զոհեր թույլ չտալու անհրաժեշտությունը, ինքը միշտ գիտի, որ պիտի երկրորդ հարցի պատասխանն էլ ստանա, բա նախկինում զոհվածներն ինչո՞ւ զոհվեցին, ուրեմն անիմա՞ստ էր այդ զոհողությունը։ Ուրեմն կրկին քաղաքական գործիչներն ուղղակի տարան այդ մարկանց սպանեցին և վերջ, ուրիշ որևէ իմաստ, բովանդակություն, նպատակ, առաքելություն այդ ամեն ինչի մեջ չկա՞։ Եվ շատ դժվար է մարդկանց բացատրել, որ գիտեք՝ Ձեր որդին կամ դուստրը զոհվել են հանուն ապագա խաղաղության, ինչպե՞ս բացատրել մարդուն, որ կարելի է զոհվել հանուն խաղաղության, եթե մեր ողջ նպատակը խաղաղությունն է»։
Լրագրողը հարց է ուղղել. «Ձեր երկրի հետ կատարվածի պատճառով քունը կորցնում ե՞ք։ Այդքան զինվորական և քաղաքացիական զոհերի միտքը Ձեզ հանգիստ չի տալիս, այդպես չէ՞»։
Վարչապետն արձագանքել է. «Ակնհայտորեն, և բնականաբար, իհարկե, ոչ թե դրա մասին շատ եմ մտածում, այլ շատ դժվար է այդ մտքերը մի պահ մի կողմ դնել և զբաղվել ուղղակի առօրյա աշխատանքով»։
Արդյոք ինչ-որ ուղերձ ունի` ուղղված մյուս կողմին, բայց ոչ թե քաղաքական առաջնորդներին, ում հանդիպում է բանակցությունների բերումով, այլ Ադրբեջանի ժողովրդին։ Այս հարցն է ուղղել լրագրողը. «Ուղերձ ունե՞ք նրանց, ովքեր հնարավոր է նայում են մեզ հենց հիմա»։
« Գիտեք, ես կարծում եմ դա լավ ժանր չէ, որովհետև երբ երկու քաղաքական գործիչներ խոսում են իրար հետ, ըստ էության, խոսում են երկու ժողովուրդներ, որովհետև մի կողմից խոսում է այդ ժողովրդի կողմից ընտրվածը, այս կողմից խոսում է այս ժողովրդի կողմից ընտրվածը։ Հետևաբար, այն, ինչ մենք խոսում ենք, իհարկե միջազգային հարթակ է, դա նաև ուղղված է այդ ժողովրդին, բայց եթե որևէ բան կա ասելու, կարելի է ասել այն, ինչ ես առաջին վայրկյանից ասում էի՝ ուղղված էր նաև Ադրբեջանի ժողովրդին։ Նման դեպքերում կան հերթապահ նախադասություններ՝ասում են, որ մենք երկար ժամանակ ապրել ենք այստեղ և դեռ երկար ժամանակ պետք է ապրենք, կարծում եմ բոլոր խոսքերն ասված են։ Իմիջիայլոց, կա թերևս մի բան, որն ուղղված է հավասարապես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությանը, որովհետև և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությունները պետք է պահանջեն խաղաղություն իրենց իշխանություններից։ Դա պետք է ձևակերպվի որպես հանրային պահանջ և խաղաղություն, ճկունություն և հմտություն այդ պահանջը իրականացնելու»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։