Ռուսաստանը եղել է և շարունակում է լիովին շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ռուսաստանի բանակցային ակտիվությունը հայ-ադրբեջանական գործընթացի շրջանակներում «նվազել է ուկրաինական իրադարձությունների պատճառով»։
«Մենք ամեն ինչ անում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և ներդաշնակության հասնելու համար»,- ասել է նա։
«Մենք լիովին կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները։ Ի՞նչ ակտիվության նվազման մասին կարող է խոսք լինել, եթե վերջին մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանի մասնակցությամբ տեղի են ունեցել մի ամբողջ շարք հանդիպումներ ամենաբարձր մակարդակներով։ Թվարկենք առանցքայինները՝ մայիսի 25-ին՝ Մոսկվայում եռակողմ հանդիպումը, հունիսի 2-ին՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպումը, մայիսի 19-ին և հուլիսի 25-ին՝ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։ Արդյոք սա դանդաղո՞ւմ է:
Ինձ թվում է, որ մենք պարզապես պետք է նայենք ճշմարտության աչքերին, և դա վերաբերում է Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետևողական կատարմանը: Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնելու կողմերին՝ իրականացնելու պայմանավորվածությունը»,- ասել է Զախարովան։
Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեությանը։
«Հայտնի է, որ մեր խաղաղապահները կարևոր գործառույթներ են կատարում՝ դա գերիների փոխանակումն է, ականազերծումը, միջադեպերի կարգավորումը և մարդասիրական օգնության տրամադրումը։ Ցավոք սրտի, մենք հաճախ ենք տեսնում, որ Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները մի շարք առանցքային հարցերի շուրջ ոչ միանշանակ դիրքորոշում են ցուցաբերում։ Եվ ես շատ կուզեի, որ այս հարցում երկիմաստություն չլիներ»,- եզրափակել է Զախարովան: