ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է Վագիֆ Խաչատրյանի անօրինական ձերբակալության վերաբերյալ «Լուրերի» հարցմանը։
«Տեղյակ ենք Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությանը, որը տեղի է ունեցել հումանիտար միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լաչինի միջանցքի անցակետով Հայաստան՝ բժշկական հետազոտության ուղևորվելիս»,- նշել են պետքարտուղարությունից՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է խիստ մտահոգ լինել միջանցքի կոմերցիոն, հումանիտար, և մասնավոր փոխադրամիջոցների փակ լինելու առնչությամբ։
«Մարդասիրական երթևեկի կասեցումը խորացնում է վատթարացող հումանիտար վիճակն ու խոչընդոտում խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։ Լաչինի միջանցքով կոմերցիոն, հումանիտար և մասնավոր փոխադրամիջոցների տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի։ Հետևողականորեն հայտարարել ենք, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության ամփոփիչ մասում։ Պետքարտուղարությունից ընդգծել են, որ աջակցում են այս նպատակի ուղղությամբ երկխոսությանը։