Օնիկ Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի 3-րդ օրը՝ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին, զեկուցել է, որ ՀՀ ԶՈՒ-ն ունակ չէ կանգնեցնել թշանամու ագրեսիան, և պնդել է, որ պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով։ Հարցին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին պատասխանեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ հիշեցնելով, որ դատական պրոցեսներով է անցնում, բայց կարող է զգուշորեն պատասխանել:
«Հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն եղել է Անվտանգության խորհրդում: Չգիտեմ՝ որ մասն է հրապարակել Անվտանգության խորհուրդը:
Այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես։ Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել ինձ այդ զեկույցը, բայց մենք պարտավոր էինք և՛ վարչապետին, և՛ Անվտանգության խորհրդին ներկայացնելու մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար 3-րդ կողմի անմիջական ներգրավվածությունը, որը մեզ համար տեսանելի էր։ 3-րդ կողմը, կարծում եմ՝ հասկանում եք, որ Թուրքիան է։ Այդ ներգրավումն իրականացվում էր ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե ՀՀ սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում,- ասաց նա, ապա հավելեց,- այդպիսի հաշվարկ մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈՒ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»։