Մովսես Հակոբյանը ռազմական տեսչության պետն էր: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պաշտոն է զբաղեցրել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պատերազմի ընթացքում:
Իսկ ո՞ւմ ցուցումով է հրամանատարական կետում գտնվել Մովսես Հակոբյանը:
«Ես շատ հստակ հիշում եմ, որ Մովսես Հակոբյանի գտնվելն Արցախում՝ թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրում, ՊԲ հրամանատարի՝ անձամբ ինձ նաև խնդրանքն էր: Այսինքն՝ ինձ նա դիմել է, որ նախկին ՊԲ հրամանատարը, նախկին ԳՇ պետը, ԳՇ պետի տեղակալը՝ խոսքը գեներալ Մովսես Հակոբյանի մասին է, գտնվի և աջակցի ՊԲ հրամանատարին»,- ասաց նա:
Հարցին՝ դա հրամանով արձանագրվա՞ծ էր, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ ռազմական գործողությունների ընթացքում հնարավոր է գործուղման հետ կապված փաստաթղթային խնդիրներ լինեին, բայց դա պետք է ստուգվի:
Ո՞ր պաշտոնյաներն են իրավասու ժամանակավոր փոխարինել ԶՈՒ ԳՇ պետին, ՊԲ հրամանատարին, զորամիավորումների և զորամասերի հրամանատարներին նրանց բացակայության ընթացքում:
«ԳՇ պետի փոխարինումն իրականացվում է առաջին տեղակալի կողմից կամ առանձին որոշմամբ, բայց կարգ գոյություն ունի, որը հստակ է և փաստաթղթավորված է»,- ասաց նա:
Իրավասո՞ւ է արդյոք ՊՆ վերահսկողական ծառայության պետը գտնվել ՊԲ հրամանատարական կետի մարտական կառավարման կենտրոնում, ժամանակավոր փոխարինել և տալ առաջարկություններ, ընդունել որոշումներ օպերացիա վարելու վերաբերյալ: Այս կապակցությամբ Դավիթ Տոնոյանը պարզաբանեց. «Գեներալ-գնդապետ Հակոբյանը գտնվել է ՊՆ ուղիղ ենթակայության տակ: Ես արդեն նշեցի, որ իր գտնվելը ՊԲ-ում պայմանավորված է եղել ՊԲ հրամանատարի խնդրանքով: Եվ ինքը տրամադրել է, չէր կարող ինքը հրամանատարական ուղղահայացում որևիցե հրաման իջեցնել, և ես կարծում եմ՝ ինքը դա չի էլ արել, բայց խորհրդատվություն տրամադրելու առումով ես չեմ բացառում»: