Մոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերով հերթական հարձակմանը. քաղաքին մոտենալու ժամանակ սարքերից երկուսը խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով։ Մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է «Մոսկվա Սիթի» համալիրի շենքերից մեկին, որը վնասվել էր նախորդ հարձակման ժամանակ: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակման ժամանակ օգտագործվել է ընդհանուր առմամբ երեք անօդաչու թռչող սարք։ «Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- Telegram-ում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը։
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ Է. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունում տեղակայված ռուսական միջուկային զենքն ագրեսիվ դրսևորումների զսպման գործոն է, և հույս է հայտնել, որ այն երբեք ստիպված չեն լինի կիրառել։
«Միջուկային զենքն անվտանգություն է։ Ես հույս ունեմ, որ դրա կարիքը չի լինի»,- ասել է Լուկաշենկոն Բրեստի մարզի Բելո-վեժսկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Լուկաշենկոն նշել է, որ չի ցանկանում, որ Բելառուսի ժողովուրդը կռվի։ «Մենք զենք չենք ճոճում, բայց պատրաստվում ենք ցանկացած պահի պաշտպանել երկիրը»,- ասել է Բելառուսի նախագահը:
ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԴՐԺՈՒՄ Է ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ. ԻՐԱՆԻ ԱԳՆ ԽՈՍՆԱԿ
Փորձը ցույց է տվել, որ իրանական կողմը չի կարող որևէ տեսակի բանակցություն վարել Միացյալ Նահանգների կառավարության հետ. Վաշինգտոնին հնարավոր չէ վստահել, քանի որ նա շարունակաբար դրժում է խոստումները և տապալում գործադրված ջանքերը՝ Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ Նրա խոսքով՝ Իրանը դիվանագիտական ուղիներ է օգտագործում, որպեսզի բոլոր կողմերին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, ստիպի վերականգնել Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ համապարփակ համաձայնագիրը, սակայն Վաշինգտոնը հետաքրքրված չէ Իրանի հետ վստահություն կառուցման գործընթացով։
«Իրանի միջուկային համաձայնագիրը կվերականգնվի միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը պատրաստ լինի պատասխանատու կերպով վերադառնալ գործարքին և երաշխավորել Թեհրանին, որ կպահպանի պայմանավորվածությունը»,- հայտարարել է Քանանին։ Իրանի ԱԳՆ խոսնակը նաև դատապարտել է ԱՄՆ կառավարության աջակցությունն Իսրայելին՝ ընդգծելով, որ Իրանը որևէ քայլ չի ձեռնարկի Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորման համար՝ հանուն Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության և ի շահ պաղեստինյան ժողովրդի:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԵԶԴԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մեծ Բրիտանիան ճանաչել է «Իսլամական պետության» կողմից Իրաքում իրականացված Եզդիների ցեղասպանությունը։ «Այսօր մենք պատմական քայլ ենք կատարել՝ ճանաչելով, որ եզդի ժողովրդի նկատմամբ կատարվել է ցեղասպանություն»,- տեքստում հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարար, լորդ Թարիք Ահմադին։
Այս տարվա հունվարին եզդիների ցեղասպանություն ճանաչելու օգտին քվեարկել էր նաև Գերմանիայի խորհրդարանը։ Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումներից կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը Հայաստանը ճանաչել է դեռ 2018 թվականին:
ՎԵՆԵՏԻԿԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԱՌԱՋԱՐԿԸ
ՅՈւՆԵՍԿՕ-ն առաջարկել է Վենետիկը ներառել վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության իր ցանկում։ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի գործակալությունը հայտնել է, որ քաղաքին սպառնում է անդառնալի վնասներ մի շարք գործոնների, այդ թվում կլիմայական խնդիրների, զանգվածային զբոսաշրջության պատճառով: Գլոբալ տաքացման պատճառով բարձրանում է ծովի մակարդակը, և քաղաքը կանգնած է հեղեղումների վտանգի առաջ։ Կառույցում կարծում են, որ Իտալիայի իշխանությունները պետք է ավելին անեն Վենետիկը պաշտպանելու համար: Հանձնարարականը կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերին Էր Ռիադում: