Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանին մեղադրում են մի համայնքում ադրբեջանցիների սպանության համար, որտեղ ոչ մի ադրբեջանցի չի սպանվել. Պատարայում ապրող և դեպքերի ականատես-վկաներն են փաստում: Մեշալին, որի մասին ադրբեջանական քարոզչամեքենան խոսում է, Պատարայի փայտավերամշակման գործարանի տեղամասն էր, կոչվում էր Լեսնոյ: Ըստ տեղի բնակիչների՝ ադրբեջանցիները՝ որպես բանվոր, այստեղ հաստատվել են 1960-ականներին, իսկ գյուղն անվանակոչել` 1988-ի փետրվարին: Ասկերանի շրջանի Պատարա համայնքում վկայում են՝ Լեսնոյում ցեղասպանություն չի եղել: 1991 թվականի դեկտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը մարդասիրական միջանցք են տրամադրել ադրբեջանցիներին:
Գալյա Իսրայելյան (Պատարայի բնակիչ) - Խաղաղ բնակչությանը ճանապարհ են տվել, բոլորն են դուրս են եկել, այնտեղ մարդ չեն սպանել:
Մինչև ադրբեջանցիների` տարածքից հեռանալը, Լեսնոյից Պատարայի անտառներում պարբերաբար առևանգում էին հայերին կամ սպանում հենց տեղում: Ռուբեն Իսրայելյանին ադրբեջանցիները սպանել են 1989-ին՝ աղբյուրից ջուր խմելիս:
Գալյա Իսրայելյան - Գնացել է եղբորս հետ անտառ, որպեսզի ընկույզ հավաքին: Այդ օրն ամբողջ գյուղն այնտեղ էր, տարվա էդ սեզոնն էր, ընկույզի հասունացման սեզոնը: Հավաքել են, ճանապարհին ձիերը բեռնած գալիս էին, մտել է աղբյուրը, որ ջուր խմի, ադրբեջանցիները` այնտեղ դարանակալած էին, թե ինչ, ջուր խմելիս աղբյուրի մոտ սպանել են: Այդ ժամանակ ոչ կռիվ կար, ոչ բան, խաղաղ ժամանակներ էին, սպանել են, հետո էլ դանակահարել մի քանի անգամ, մեր ձիերն էլ նստել են, ընկույզի պարկերն էլ կտրել են, թափել, ձիերն էլ նստել, գնացել:
80-ամյա Արտեմ Հարությունյանի առեղծվածը գյուղի ավագ սերունդը չի մոռանում՝ գնացել էր վառելափայտ բերելու, անհետ կորել անտառում: Իսկ 1991-ին Վալերի Ավանեսյանին անտառում գտել են վիրավոր:
Նորա Ավանեսյան (Պատարայի բնակիչ) - Ամուսինս աշխատում էր կոլտնտեսության ֆերմայում՝ որպես անասնապահ, գողացված անասունների հետքերով գնացել, հասել էր այնտեղ: Հրազենից կրակել են նրա վրա, վիրավորվել է, մինչև հասցրել են հիվանդանոց, մահացել է:
Պատարայում ադրբեջանցի երբեմնի հարևանների վայրագությունները մոռանալ չեն կարող: 82-ամյա Ռոզա Մանգասարյանն առ այսօր սպասում է ամուսնուն: Գրիգորի Գրիգորյանը, Արարատ Աբրահամյանն ու Գավրուշա Դավթյանը գնացել էին անտառ, օրեր հետո երկուսի դին են գտել:
Ռոզա Մանգասարյան (Պատարայի բնակիչ) - Նրանց գտել են անտառից, իսկ Գրիշայից ոչ դիակն են գտել, ոչ էլ ձին:
Համայնքի բնակիչներից մեկին անգամ առևանգել ու հրկիզել են ադրբեջանցիները:
Այստեղ նման պատմությունները շատ են, և այս ֆոնին ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանին ցեղասպանության համար մեղադրելը Ադրբեջանի հերթական սադրանքն ու ագրեսիայի դրսևորումն են համարում Պատարայի բնակիչները:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան