Օգոստոսի 5-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Մինչ այդ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, որոնց ընթացքին հետևել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու այլ պատասխանատուներ։
Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել նաև աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներով` նշելով, որ ամեն ինչ պետք է արվի Համահայկական խաղերը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
Շիրակի մարզպետը հավաստիացրել է, որ ջանք ու եռանդ չի խնայվում յուրաքանչյուր խնդրի լուծման համար։ Այնուհետև պատասխանատուները հետևել են մարզադաշտին հարակից փողոցի ասֆալտապատման աշխատանքներին։ Իրականացվել են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի և 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքեր։
Այս տարի Համահայկական ամառային 8-րդ խաղերին շուրջ 7000 մարդ կմասնակցի, իսկ հյուրերի թիվը կհասնի տասը հազարի։ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ, Համահայկական 8-րդ խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շահբազյանի խոսքով՝ գրանցվել է շուրջ 170 թիմ. «Ամենաշատ թիմերը գրանցվել են ֆուտզալ մարզաձևում՝ 48 երկիր, բասկետբոլում և ֆուտբոլում՝ հավասարաչափ՝ 28-ական։ Բավականին շատ մասնակիցներ ունենք, և կարծում եմ՝ սա ռեկորդային թիվ է»:
Այս տարի առաջին անգամ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կհյուրընկալեն Սաուդյան Արաբիայում բնակվող մեր հայրենակիցներին։ Ամենաշատ հայտ ներկայացվել է Ռուսաստանից և Վրաստանից։ Դիմել են նաև անհատական սպորտաձևերի համար, ինչպիսիք են՝ լողը, գոլֆը, շախմատը: Այս տարի մասնակիցների թվում կան նաև 10-15 տարեկան երեխաներ։ Նրանք հիմնականում մասնակցելու են շախմատի և լողի մրցումներին։
Օրերս էլ Գյումրու Շախմատի տանը տեղի է ունեցել Խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը։
Խաղերի մրցավարները, Նարինե Շահբազյանի փոխանցմամբ, միջազգային բարձր որակավորում ունեն։
«Մրցավարներն ընտրվել են մարզաձևերի ֆեդերացիաների կողմից, ունենք նաև միջազգային մրցավարներ, որոնք սպասարկել են միջազգային մրցաշարեր՝ բասկետբոլի, աթլետիկայի, վոլեյբոլի։ Ութ տարիների փորձը ցույց է տվել, որ մեր մրցավարները բավականին բարձր մակարդակով են անցկացնում բոլոր մրցումները»,- նշել է Նարինե Շահբազյանը։
Համահայկական ամառային 8-րդ խաղերի մասնակիցները խաղային տարբեր մարզաձևերում կմրցեն հարմարավետ, միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններում։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մասնակիցներին համակարգված աշխատանքով կդիմավորեն ու ամբողջ ընթացքում կուղեկցեն համահայկական խաղերի կամավորները։
Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում: «Միասնություն սպորտով» կարգախոսով միջոցառման մեկնարկը նախատեսված է ժամը 21:00-ին: