Կառավարությունը հաստատել է Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջիկա յոթ տարիների հայեցակարգը: Փաստաթղթով սահմանվել են գերակա ուղղությունները, որի հիմքում առաջատար տեխնոլոգիաներն են, ենթակառուցվածքների, ներդրումային միջավայրի բարելավումը: Մասնագետների գնահատականով՝ հայեցակարգը թերի է, չկա հստակ տեսլական:
Մարդկային կապիտալի զարգացում, արտադրական արժեշղթաների ընդլայնում, ավելացված արժեք ունեցող արտադրությունների զարգացում: Կառավարությունն օրերս հաստատեց Հայաստանի տնտեսական քաղաքականության 2023-30 թվականների հայեցակարգը:
Ըստ հայեցակարգի՝ Կառավարությունը որդեգրում է գիտելիքահեն տնտեսություն ձևավորելու տեսլականը՝ գիտելիքը հռչակելով տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժ։ Նախագիծը մշակած էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորման մեջ նշել է, որ վերջին տարիներին համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող սրընթաց գործընթացներն իրենց ազդեցությունն են թողնում նաև Հայաստանի տնտեսության վրա։ Դրան գումարվել են նաև Քովիդ համավարակի, 44-օրյա պատերազմի և Ուկրաինայում տեղի ունեցող իրարադարձություններով պայմանավորված խնդիրները, և հայեցակարգում դա հաշվի է առնվել:
Կարեն Սարգսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար) - Հայեցակարգը տնտեսական քաղաքականության հիմնական այն տեսակետն է և գործունեությունն է, որը միտված է Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը և առաջընթացին: Հիմնական նպատակն է՝ սահմանել գերակա ուղղությունները և առանձնացնել այն հենասյուները, որոնց վրա պետք է հիմնված լինեն հետագա ոլորտային ռազմավարությունները: Հենց դրա շրջանակում կսահմանվեն այն թիրախները, որոնք պետք է ապահովվեն համապատասխան ժամանակահատվածներում և նախանշված դրանց արդյունքային ցուցանիշների վերլուծությամբ:
Մասնագետների կարծիքով՝ հայեցակարգը թերի է և բովանդակային առումով չի ներառում այն հիմնական բաղադրիչները, որոնք ունենում են նման փաստաթղթերը:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Տնտեսական քաղաքականության հայեցակարգում պետք է հստակ լինի այն տեսլականը, որին Կառավարությունը ձգտում է հասնել, և մնացած ամեն ինչ բխում է այդ տեսլականից. նման տեսլական չկա՝ քաղաքականությունն իրականացվեց, մենք ի՞նչ ենք ունենալու: Դրանից պետք է բխեն նպատակները, ընդ որում՝ նպատակը, եթե դասագրքային ենք նայում, պիտի լինի հստակ չափելի, չափման ենթակա, պետք է իրականանալի լինի, սահմանված լինեն ժամկետներ և այլն:
Գործարար համայնքը ևս ծանոթացել է հայեցակարգին: Ըստ Ներսես Կարամանուկյանի՝ դա կարելի է համարել գործընթացի սկիզբ, բայց անհրաժեշտ են նաև հաջորդող քայլեր:
Ներսես Կարամանուկյան (Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ) - Իհարկե, շատ գրագետ գրված փաստաթուղթ է, լավ առաջարկություններ են ներկայացված, բայց պետք է հաջորդեն նաև դրանց կոնկրետ գործնական աշխատանքներ՝ ծրագրերով:
Հայեցակարգով Կառավարությունը տնտեսական զարգացման 5 գերակայություն է սահմանել՝
* գիտելիքահեն ու ստեղծարար տնտեսության ձևավորում և զարգացում.
* տեխնոլոգիական առաջընթաց, արտադրողականության աճ, բարձր ավելացված արժեք և արժեշղթաների մեծացում.
* ենթակառուցվածքների զարգացում.
* ներդրումային և գործարար միջավայրի բարելավում.
* կայուն զարգացում, կանաչ տնտեսություն և կլիմայի փոփոխություն:
Կարեն Սարգսյան - Արդեն իսկ որոշակի քայլեր իրականացվել են, մասնավորապես, գիտելիքահեն և ստեղծարար տնտեսություն ձևավորելու ուղղությամբ գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացում ինչպես գիտեք արդեն իսկ դա շարունակական լինում է և պետբյուջեի ցուցանիշները նայելով դրան ականատես ենք լինում, այնուհետ գիտություն-տեխնոլոգիա այդ փոխադարձ կապի խորացումը, գիտական հետազոտությունների ֆինանսավորման ավելացումը և տնտեսության մեջ գիտական նվաճումների ներդրումը և այդ ուղղությամբ բազմաթիվ քայլեր են իրականացվում:
Արմեն Քթոյանի խոսքով՝ գերակայությունները կարելի է կապել տնտեսության բոլոր ճյուղերի հետ:
Արմեն Քթոյան - Այսինքն՝ եթե դու արդյունաբերության, գյուղատնտեսությաւն, ծառայությունների ոլորտում, էներգետիկ ոլորտում որևէ գործողություն նախաձեռնես, որը միտված է արտադրողականության բարձրացմանը, կնշանակի, որ դա ներառվում է այդ գերակայությունների բովանդակության մեջ:
Գործարարներն այս հայեցակարգից ելնելով՝ նաև կարող են հասկանալ, թե պետությունը որ ոլորտներում լրացուցիչ կաջակցի, և ըստ դրա կառաջնորդվեն՝ ընդգծում է Ներսես Կարամանուկյանը: Նա առանձնացնում է տեխնոլոգիական առաջընթացի գերակայությունը:
Ներսես Կարամանուկյան - Ցավոք, այսօր ՏՏ ոլորտի ձեռնարկությունների մի մեծ մասն աշխատում է որպես ծառայություններ մատուցող, խոշոր՝ հիմնականում ամերիկյան ընկերությունների և պատրաստի արտադրանքի վաճառք Հայաստանի չի կատարվում, կարծում եմ՝ էդ ոլորտում էլ զարգացումները պետք է տանել այնպես, որ Հայաստանում արդեն պատրաստի տեղեկատվական տեխնոլոգիայի արտադրանք լինի և այդ արտադրանքը վաճառվի Հայաստանի:
Չնայած մասնագետների պնդումներին, որ հայեցակարգում հստակություններ չկան, այդ թվում՝ սպասելիքներ թվային առումով, էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում են՝ հայեցակարգին առաջիկայում կհետևեն նաև առանձին ոլորտային ռազմավարությունները, որտեղ առկա կլինեն թվային հիմնավորումներ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան