Այս պատերազմի դադարեցումն անհնարին էր: Այս ռազմական գործողություններն իրենց ծավալով այնպիսի գործողություններ էին, որ դրանք հնարավոր չէր կանգնեցնել պայմանագրերով: Այդ մասին 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ընդ որում՝ երեք պայմանագիր է եղել, որոնք չեն իրականացվել, և ամսի 9-ի համաձայնությունները ոչ մեկը երաշխիք չուներ, որ կիրականացվեին: Դրա երաշխիքը միակն է եղել. խաղաղարարների կամ խաղաղությունը պարտադրողների կամ խաղաղապահների ներկայությունը, այսինքն՝ 3-րդ ուժի ներկայությունը թատերաբեմում. դա է եղել կանգնեցնելու միակ գրավականը»,- նշեց Տոնոյանը:
Արձագանքելով «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ անդամ լինելը այլ երկրներից ապառազինության ձեռքբերման հետ կապված խոչընդոտնե՞ր է առաջացրել՝ Դավիթ Տոնոյանն ասաց. «Այլ երկրներից ձեռքբերումների սահմանափակումները ես կանվանեի շահարկում: Մենք ՀԱՊԿ անդամ էինք, և մենք ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ, ԵՄ անդամ երկրներում: Ամսի 26-ին ես գտնվել եմ ՆԱՏՕ անդամ ԵՄ երկրում, որտեղ վարել եմ համապատասխան բանակցություններ: Մինչ այդ մատակարարումներ են եղել այդ երկրներից, որևիցե սահմանափակում գոյություն չունի. դա միֆ է, ՀԱՊԿ անդամակցությունը չի խոչընդոտում: Ուրիշ հարց է, թե կա օպերատիվ համադրելիություն: Այն սպառազինությունները, որոնք որ համադրելի էին, մենք ձեռք էինք բերում, որոնք որ համադրելի չէին, դրան հատուկ պատրաստություն էր պետք. կային դժվարություններ, բայց դա էլ էր հաղթահարվում կամաց-կամաց: Դուք պետք է ինձ հավատաք, և դրանք փաստեր են»: