Կիևում Լեհաստանի դեսպան Բարտոշ Ցիխոցկուն կանչել են Ուկրաինայի արտգործնախարարություն՝ նախագահի գրասենյակի ներկայացուցչի արտահայտությունների պատճառով:
Լեհաստանի նախագահի վարչակազմի միջազգային քաղաքականության հարցերով գրասենյակի ղեկավար Մարչին Պշիդաչը լեհական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինան մեծ աջակցություն է ստացել Լեհաստանից և պետք է սկսի գնահատել դա: Պշիդաչն այդ մասին ասել է Վարշավայի կողմից ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքի երկարաձգման թեմայի շրջանակում։
Դրանից հետո Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն հայտնել է, որ Լեհաստանի դեսպանին կանչել են գերատեսչություն և ասել, որ նման հայտարարությունները «չեն համապատասխանում իրականությանը և անընդունելի են»:
«Համոզված ենք, որ լեհ-ուկրաինական բարեկամությունը շատ ավելի խորն է, քան քաղաքական նպատակահարմարությունը։ Քաղաքականությունը չպետք է կասկածի տակ դնի մեր ժողովուրդների փոխըմբռնումն ու հարաբերությունների ամրությունը»,- ասել է Նիկոլենկոն։