ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին այսօր 44-օրյա պատերազմին առնչվող հարցերին պատասխանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի մեկնարկին տեղեկացրեց, որ իրավիճակը ստանդատ չէ, քանի որ դատարանը 2 օրով է թույլ տվել կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանին՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստին:
Դավիթ Տոնոյանը նախ նշեց, որ անհրաժեշտություն կլինի փակ նիստ անելու, ապա նաև տեղեկացրեց, որ առաջարկել էր՝ ընդդիմությունը ևս մասնակցի նիստին:
«Հաշվի առնելով այն, որ ես իրականում հրապարակային առաջարկեցի և խնդրեցի ընդդիմության մասնակցությունն այս հանձնաժողովի նիստին, ամեն դեպքում ես կրկնում եմ իմ առաջարկությունը, որ առնվազն փակ նիստի ժամանակ (եթե դա հնարավոր է, առանց բացի, մասնակցելու փակ նիստին) ևս ընդդիմության մասնակցությունը լինի, քանի որ շատ հարցեր, որոնք հրապարակային հնչեցվում են, այն հարցերը, որոնք ունեն չիմանալու բնույթ կամ ոչ կոմպետենտության բնույթ, կամ քաղաքական ուղղորդված բնույթ, և դա վերաբերում է և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը, ես գտնում են, որ իրենց ներկայությունը՝ առնվազն 2 ուժի՝ հայաստանյան Դաշնակցության և Հանրապետական կուսակցության, քանի որ դրանք երկար ժամանակ հայկական քաղաքական դաշտում գործող կուսակցություններ են, ունեն ինստիտուցիոնալ հիշողություն, նաև կարծում եմ՝ շարունակելու են իրենց գործունեությունը քաղաքական դաշտում, կարծում եմ՝ անվտանգության և պաշտպանության կազմակերպման հարցերում իրենց տեղեկատվությունը, որն իմ կողմից է տրամադրվելու, հետագա իրենց որոշումների համար կարևոր է:
Հակառակ դեպքում ես կխնդրեի նույն կուսակցության ներկայացուցիչներին այլևս չարտահայտվել հրապարակային՝ առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերում»,- ասաց Տոնոյանը: