Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ի տեղեկատվական վեճի վերաբերյալ եզրակացություն, փորձագիտական կարծիք է ներկայացրել:
2023 թվականի մարտի 10-ին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը ստացել էր «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» ՓԲԸ տնօրեն Շանթ Շահնազարյանի բողոքը Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ալիքի «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդաշարի 2023 թ․ փետրվարի 22-ի թողարկման առնչությամբ։ Բողոքում ասված է․ «…հաղորդաշարի ընթացքում առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանութան ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նարեկ Մանուկյանը կատարել է իրականությանը չհամապատասխանող արտահայտություն առ այն, որ «ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ» ՓԲԸ կողմից շահագործվող սարքը չի ապահովում ոլորտի ժամանակակից բոլոր պահանջներին»:
«ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» ՓԲԸ-ն ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին ուղղած բողոքում տեղեկացրել է, որ 2023 թ․ փետրվարի 27-ին գրությամբ դիմել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, ապա նաև՝ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին:
Դիտորդ մարմինը եզրակացություն է ներկայացրել, որի արձանագրումները ներկայացնում ենք ստորև.
-
Դիտորդ մարմինը չի արձանագրել Լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի վերը թվարկված դրույթների խախտում։ Հեռուստաընկերության ներկայացուցիչների գործողությունները չեն հակասում Կանոնագրի 1.2 և 1․4 դրույթներին, որոնցով կարող էր քննարկվել այս տեղեկատվական վեճը։
-
Լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 6.4 կետի խախտում կա Հանրային հեռուստաընկերության՝ «ԻՐԱ Մեդիքլ Գրուպին» ուղղած պատասխան-նամակում, որտեղ հեռուստաընկերությունը, ըստ ՏՎԽ կարծիքի՝ սխալ է մեկնաբանում ՀՀ օրենսդրությունը և բողոքող կողմին տալիս է անորոշ պատասխան։
-
Քաղաքացիների և կազմակերպությունների դիմումների ու բողոքների առնչությամբ ԶԼՄ-ների բարեխիղճ և պատասխանատու աշխատանքը դիտարկելով որպես ինքնակարգավորման կարևոր տարր, նաև հաշվի առնելով, որ այս վեճում ներգրավված է Հանրային հեռարձակողը, դիտորդ մարմինը չի սահմանափակվել լոկ օրենսդրական պահանջները քննելով, այլ վիճարկված խնդրի ավելի խորը՝ մեթոդաբանական բնույթի վերլուծություն է կատարել։ Ուստի ԴՄ-ն առաջարկում է միջազգային դրական փորձի վրա հիմնված տարբերակներ, որոնք կարող են կիրառվել նման դեպքերում:
-
Մասնավորապես, ԴՄ-ն համարում է, որ Կանոնագրի 6․1․, 6․2․, 6․4․ կետերը թույլ են տալիս հեռուստաընկերությունից նախևառաջ ակնկալել օրենսդրությանը համապատասխանող (տե՛ս ՏՎԽ վերոբերյալ կարծիքը), բայց նաև՝ իրավիճակը հանգուցալուծելու ավելի մեծ պատրաստակամություն, առնվազն՝ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյանի հետ հարցազրույցի ընթացքում հնչած կարծիքին առնչվող ալտերնատիվ տեղեկությունը լսարանին տրամադրելու առումով։ Հատկապես որ խոսքը հանրային մեծ կարևորություն ունեցող խնդրի՝ ուռուցքաբանական հիվանդությունների արդյունավետ ախտորոշման և բուժման մասին է։
-
Այս և այլ կարևոր հարցերի վերաբերյալ քաղաքացիների լիարժեք տեղեկացումն ապահովելու համար Հանրային հեռարձակողը կարող է լսարանի, շահագրգիռ անձանց հետ հետադարձ կապի տարբեր ձևեր կիրառել՝ ներկայացնելու համար հեռարձակված հաղորդումների վերաբերյալ նրանց արձագանքները: Օրինակ, որևէ հաճախականությամբ կարող են հեռարձակվել հանրության առավել արդիական և խելամիտ առաջարկների, մեկնաբանությունների և բողոքների տեսություններ և մեկնաբանություններ: Իհարկե, ոչ բոլոր արձագանքներն են տեղին և իրատեսական՝ այս կամ նմանատիպ այլ ձևաչափով ներկայացվելու համար: Սակայն «ԻՐԱ Մեդիքլ Գրուպի» դիրքորոշումն արժանի էր հնչեցվելու և կարող էր հնչեցվել։ Թերևս սա կլինի այս տեղեկատվական վեճը լուծելու լավագույն միջոցը։
-
Մինչդեռ, պատշաճ ուշադրություն չդարձնելով «ԻՐԱ Մեդիքլ Գրուպի» պահանջին, Հանրային հեռարձակողը նույնիսկ չի օգտվել առիթից, երբ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանութան ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյանի հետ 3 ամիս անց հարցազրույց է վարել Հանրայինի մեկ այլ լրագրող` մեկ այլ հաղորդաշարով (Նիկոլայ Մելիքյանը՝ «Բաց հարթակ» հաղորդաշարով, 2023թ․ մայիսի 20-ին)։ ԴՄ-ն համաձայն է «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդաշարի 2023թ. փետրվար 22-ի թողարկման առնչությամբ ՏՎԽ դիտարկմանը, որ լրագրողը պարտավոր չէր իմանալ մասնագիտական ոլորտի բոլոր մանրամասները և նույն պահին հարցականի տակ դնել որոշ պնդումներ։ Սակայն ԴՄ-ն համարում է, որ այդ հաղորդման վիճարկումից 3 ամիս անց «Բաց հարթակ» հաղորդաշարի թողարկումը պատրաստած խմբագրությունը կարո՛ղ էր տեղյակ լինել վիճարկման հանգամանքներին, հաշվի առնել շահագրգիռ բժշկական հաստատության պահանջը և որևէ կերպ անդրադառնալ վիճահարույց խնդրին՝ դրանով իսկ հեռուստադիտողին տեղեկացնելով այլընտրանքային կարծիքի մասին։
Հիշեցում․ Կանոնագիրը ստորագրած լրատվամիջոցների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել դիտորդ մարմնի եզրակացությունները հրապարակել իրենց լրատվամիջոցներով, քանի որ ընդունել են, որ իրենց իսկ ընտրած դիտորդ մարմինն իրավասու է քննել իրենց գործողությունների ու հրապարակումների համապատասխանությունը Կանոնագրի դրույթներին:
Վերապահում․ Հանրային հեռարձակողը կարող է հրապարակել այս հանգամանալից Եզրակացության միայն այն մասը, որն ուղղակիորեն առնչվում է տեղեկատվական վեճի իրավական ասպեկտին և մասնագիտական էթիկայի նորմերին»։