ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին Դավիթ Սանասարյանը Դավիթ Տոնոյանին ասաց՝ իր համար այդքան էլ պարզ չդարձավ՝ հոկտեմբերի 29-ին ի՞նչ էր անում պաշտպանության նախարարը Մեղրիում։
Տոնոյանը հայտարարեց, թե իր՝ Մեղրիում գտնվելու հիմնավորման գնահատականը պետք է տա իր այդ ժամանակվա վերադասը, այսինքն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է այն իրադրությանը, իրավիճակին, երբ ես հայտնվեցի Մեղրիում՝ ՀՀ սահմանից 2-5 կմ հեռավորության վրա, ունեինք մեծ քանակությամբ զոհեր, վիրավորված էր Մեղրի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց գեներալ Գյոզալյանը։
Պաշպանության նախարարի հայտնվելը Մեղրիում լուրջ ազդեցություն ունեցավ և՛ բնակչության, և՛ ԶՈՒ ստորաբաժանումների վրա, որոնք գտնվում էին այդտեղ և առաջնագծում խնդիրներ էին կատարում։
Կան փաստական տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈՒ ստորաբաժանումները բավականին հաջող գործեցին այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին։ Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի ստորաբաժանումը, կայանը, ինքս եմ նկարահանել. դա եղել է հոկտեմբերի 25-27-ը եղած ժամանակահատվածում»,- ասաց նա։