Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի արագ վատթարացմամբ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման պատճառով՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության վերաբերյալ իր պարտավորությունները և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտադիր որոշումը, որը հաստատվել է 2023 թվականի հուլիսի 6-ին։
Արդեն մոտ ութ ամիս է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը տառապում է շրջափակման հետևանքներից՝ գոյատևելով միայն տեղական արտադրության և մարդասիրական հիմնական մատակարարումների հաշվին, մասնավորապես՝ ԿԽՄԿ-ի կողմից։ Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից շրջափակման տարածումը նաև մարդասիրական մատակարարումների վրա հանգեցրել են հիմնական սննդամթերքի, կենսական նշանակության բժշկական ապրանքների և այլ անհրաժեշտ ապրանքների պակասի, իսկ վառելիքի պակասը խաթարել է տեղական արտադրությունը և բաշխումը: ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող բժշկական տարհանումները ևս ընդհատվել են։ Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար բնակիչ բախվում է մարդասիրական ճգնաժամի, որը հրատապ ուշադրություն է պահանջում միջազգային հանրության կողմից։
Մենք լիովին աջակցում ենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի 2023 թվականի հուլիսի 26-ի հայտարարությանը։ Մենք դատապարտում ենք հումանիտար մատակարարումների շարունակական շրջափակումը և հումանիտար հասանելիության քաղաքականացումը, ինչն է՛լ ավելի է խորացնում առանց այն էլ ծանր իրավիճակը տարածաշրջանում։ Աղդամի միջոցով օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը կապված չէ Լաչինի միջանցքի առնչությամբ նրա ստանձնած պարտավորությունների հետ, որոնք պետք է պահպանվեն։
Մարդասիրական օգնության մուտքը տարածաշրջան պետք է թույլատրվի, և մուտքի ցանկացած խոչընդոտ միջազգային հումանիտար իրավունքի խախտում է։ Լրացուցիչ երթուղիների բացումը խրախուսելի է, բայց դա առանձին հարց է, որը պետք է փոխհամաձայնեցվի Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում։
Մենք լիովին աջակցում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական ջանքերին՝ տարածաշրջանում տասնամյակներ շարունակվող հակամարտության և ճգնաժամի կայուն ու երկարաժամկետ լուծման որոնման հարցում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին աջակցելու միջոցով։ 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած վերջին հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ համաձայնել են, ի թիվս այլ հրատապ հարցերի, հեշտացնել մարդասիրական մուտքը տարածաշրջան՝ մարդկային տառապանքները մեղմելու համար: Ցավոք, շարունակվող շրջափակումը հակասում է խաղաղ բանակցությունների նպատակին և այդքան անհրաժեշտ վստահության ամրապնդման ջանքերին:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 15-ին Եվրախորհրդարանը կոչ էր արել Խորհրդին, որ «եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին որոշումն անհապաղ չկատարվի, նպատակային պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի կառավարության պաշտոնատար անձանց նկատմամբ:
Մենք նաև հիշեցնում ենք, որ 2023 թվականի հունիսի 13-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ԵՄ բարձր ներկայացուցիչը պարտավորվել է խորհրդում բարձրացնել նման պատժամիջոցների սահմանման հարցը։ Մենք կրկնում ենք մեր կոչը Բաքվին՝ անհապաղ դադարեցնել շրջափակումը և հարգել միջազգային պարտավորությունները և նորմերը՝ հումանիտար աղետը կանխելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։