Ինչո՞վ կհիմնավորեք պատերազմի ընթացքում Ձեզ հետ մի շարք կողմնակի անձանց ներկայությունը Արցախի ՊԲ հրամանատարական կետում, այն էլ՝ մարտական կառավարման կենտրոնում: Այդ մասին 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին:
«Մարտական կառավարման կենտրոնը չի սահմանափակվում 1 դահլիճով. այդ դահլիճում, որտեղ նկարահանումներ են կատարվում և այդ դահլիճում, որտեղ կարող են լինել այնպիսի անձինք, որոնք որոշումների կայացման վրա ներազդեցության իրավունք չունեն կամ տեղեկանալու, կամ լսելու, կամ լինելու: Իրենք գտնվում են հատուկ կահավորված դահլիճում, որտեղ իրականացվում են նկարահանումներ. ընդ որում՝ նկարահանումներ՝ հակառակորդին մոլորության մեջ գցելու, մեր ԶՈՒ, հասարակության բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու: Այն սենյակներում, որտեղ կատարվում էին որոշումներ, այդ սենյակներում այդ անձինք ներկա չեն եղել: Եթե անգամ այդ դահլիճում պետք է որոշումներ կայացվեին, որոշումների կայացման և քննարկումների ընթացքում այդ անձինք դուրս էին գալիս: Նկարների վրա հայտնված անձինք դուրսն են եղել իմ քննարկումների ժամանակ»,- ասաց Տոնոյանը:
Անդրանիկ Քոչարյանը նաև հետաքրքրվեց, թե 2020 թվականի սեպտեմբերին Դավիթ Գալստյանը, նույն ինքը «Պատրոն Դավոն» ինչ պաշտոն է զբաղեցրել ՊՆ համակարգում:
«Ինքը չի եղել իմ խորհրդականը, բայց ինքը եղել է այն անձը, որը անհրաժեշտ էր, և ես չգիտեի՝ դա 44 օր է տևելու, ինչքան է տևելու. նա եղել է այն անձը, որը որ հնարավորություն ուներ և հմտություններ, և կարողություններ ուներ մատակարարումների կազմակերպման ՀՀ մատակարարման ուղիների զմռսված լինելու պայմաններում, որը նաև ինքը իրականացրել է»,- նշեց պաշտպանության նախկին նախարարը: