Գերմանիայի դաշնային կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված՝ ԵՄ ջանքերին։ Այդ մասին հայտնել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան այդ երկրում գործող «Հայպրես» լրատվական գործակալության հարցերին։
Գործակալությունն ԱԳՆ-ին երկու հարց է ուղղել․ արդյոք ԳԴՀ-ն ներկա՞ է եղել դիվանագետների այցին, որի նպատակն էր ականատես լինել Ադրբեջանի կողմից մարդասիրական բեռների փոխադրման արգելափակմանը, և ի՞նչ գործողություններ է ձեռնարկել ԳԴՀ-ն այս կապակցությամբ։
«Դաշնային կառավարությունն այս գործընթացում մշտական կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Երևանում Գերմանիայի դեսպանությունն այստեղ, տեղում` Հայաստանում, շարունակական կապի մեջ է ինչպես Հայաստանի կառավարության և քաղհասարակության, այնպես էլ Հայաստանում ԵՄ առաքելության հետ։
Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ դեսպանությունը կանոնավոր կերպով համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ, որի միջոցով Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար աջակցությանը ներգրավման ամենամեծ ծավալները բաժին են ընկնում Գերմանիային։
Գերմանիան աջակցում է Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքների ապահովումը»,- նշված է Գերմանիայի արտգործնախարարության պատասխանում։