Ավարտվել է Արմավիր քաղաքում 2023 թ․ փետրվարին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
2023 թ. փետրվարի 5-ին՝ ժամը 23:45-ին, Արմավիրի շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել այն մասին, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել է նույն քաղաքի՝ 1958 թ. ծնված բնակչին՝ մահացած վիճակում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու մահվան բոլոր հանգամանքները:
Մասնավորապես պարզվել է, որ նշված օրը, ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, տուժողը, օղի գնելու նպատակով, մտել է Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գործող խանութ, սակայն խանութի աշխատակցուհին, ով նաև խանութի սեփականատերն է, տեսնելով, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է, մերժել է նշված անձին օղի վաճառել։ Դրանից բորբոքվելով՝ տղամարդը սկսել է հայհոյել կնոջը և անպարկեշտ ու անհարգալից վարքագիծ դրսևորել նրա նկատմամբ։
Այդ պահին խանութ է մտել վերջինիս 21-ամյա որդին, ով այդ ամենը տեսնելով և լսելով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մորը վիրավորանքներ հասցնող համաքաղաքացու մարմնի տարբեր հատվածներին, քաշքշելով խանութից դուրս է հանել նրան՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ։
Երիտասարդի մայրը, տեսնելով, որ չի կարողանում հանգստացնել որդուն, զանգահարել և խանութ է կանչել ամուսնուն։ Տուն գնալիս, իրենց շենքին կից այգու տարածքում նկատելով տուժողին՝ գետնին ընկած, նրան տեղափոխել են իրենց տուն և զանգահարել են շտապօգնություն, սակայն մինչ շտապօգնության գալը տղամարդը մահացել է:
Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն. փորձագետի եզրակացության համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել տրավմատիկ-հեմոռագիկ շոկից` կրծքավանդակի և որովայնի համակցված փակ բութ վնասվածքներ ստանալու հետևանքով:
Երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեպքից օրեր անց՝ 2023 թ. փետրվարի 20-ին, 21-ամյա երիտասարդը կամովին ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել:
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանք և բացակայելու արգելք:
Նախաքննությունն ավարտվել, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: