ԱՄՆ-Ը ՏԵՂՅԱԿ Է ՎԱԳԻՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՊԵՏԴԵՊ
Վաշինգտոնը տեղյակ է Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության մասին, որը տեղի է ունեցել հումանիտար միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լաչինի միջանցքի անցակետով Հայաստան՝ բժշկական հետազոտության ուղևորվելիս: Այս մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ «Լուրերի» հարցմանն ի պատասխան: Նշվում է, որ Վաշինգտոնը շարունակում է խիստ մտահոգ լինել մարդկանց, բեռների և փոխադրամիջոցների համար միջանցքի փակ լինելու կապակցությամբ։
Մարդասիրական փոխադրումների կասեցումը խորացնում է վատթարացող հումանիտար վիճակն ու խոչընդոտում է խաղաղության գործընթացում վստահության հաստատման ջանքերը։ Լաչինի միջանցքով կոմերցիոն, հումանիտար և մասնավոր փոխադրամիջոցների տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի։ Հետևողականորեն հայտարարել ենք, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը:
ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՊԵՏՔ Է ԳՆԱՆ ՈՉ ԴՅՈՒՐԻՆ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ. ՄԻԼԼԵՐ
ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ է վարում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ` փոխզիջման հասնելուն նպաստելու համար՝ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Մեթյու Միլլեր (ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ) - Երևանն ու Բաքուն պետք է գնան ոչ դյուրին փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին: Շարունակում ենք հավատալ, որ խաղաղության պայմանագրի հնարավոր է հասնել:
սննդի և դեղորայքի պակասի առնչությամբ մտահգոություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարիչը: Սամանթա Փաուերը Լաչինի միջանցքով առևտրային և հումանիտար մատակարարումների ազատ տարանցման կոչ է արել։
Լեռնային Ղարաբաղում սննդի անապահովությունը և բժշկական պարագաների պակասը շատ մտահոգիչ են։ Լաչինի միջանցքը կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կենսական նշանակության մատակարարումներ հասցնելու համար։ Ես միանում եմ պետքարտուղար Բլինքենի՝ միջանցքով առևտրային և մարդասիրական մատակարարումների ազատ տարանցման կոչին:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես փրկօղակ է ծառայել Լեռնային Ղարաբաղի համար։ Այնուհետև Ադրբեջանը կտրեց կենսական նշանակության սննդի և դեղամիջոցների այս վերջին աղբյուրը: Ավելի քան 7 ամիս է Ադրբեջանի շրջափակումը շարունակվում է, այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա», - նշված է հայտարարության մեջ:
ՄԱԿՈՒՆՑԸ ՓԱԼՈՆԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ԴԵՊՔԸ
Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնին: Զրույցի ընթացքում դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել արգելափակման հետևանքները, որոնք հանգեցնում են ԼՂ-ում հումանիտար աղետի, ինչպես նաև հուլիսի 29-ին ԿԽՄԿ աջակցությամբ Հայաստան բուժման տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առևանգման և ձերբակալման դեպքը: Ընդգծվել է, որ Ադրբեջանի նման գործողությունները լրացուցիչ սպառնալիք են ստեղծում ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության համար:
ԲԵՌԼԻՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Գերմանիայի կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին Դաշնային կառավարությունն այս գործընթացում մշտական կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ հատարարությունը տարածել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով Գերմանիայում գործող Haypress լրատվականի հարցերին։
Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը կանոնավոր կերպով համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որի միջոցով Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար աջակցության ամենամեծ ծավալները բաժին են ընկնում Գերմանիային։ Բեռլինն աջակցում է Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքների ապահովումը։
ԲԱՔՎԻ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԿՈՉ ՄԹ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի պատգամավորները երկրի արտաքին գործերի նախարարությանը կոչ են արել դիրքորոշում հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող վայրագությունների դեմ։ Խորհրդարանականները նամակ են հղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլիին՝ կոչ անելով վերջ տալ կառավարության լռությանը և հանդես գալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության դեմ իրականացվող վայրագությունների դեմ։
ԼՂ-Ն ԱՆՀԱՊԱՂ ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՉՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը և բնակչությանը հասանելի դարձնել առաջին անհրաժեշտության մթերքները: Կառույցի գլխավոր քարտուղար Ջերրի Փիլլեյը հայտարարել է՝ քանի որ արգելափակված Արցախում հումանիտար ճգնաժամը հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերահաստատում է միջազգային հանրության կողմից հրատապ ու անհապաղ գործողությունների անհրաժեշտության մասին իր դիրքորոշումը և հայտարարությունները: