2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կամ «խաղաղության գործարք» չէ իր իրավական կողմով: Այս մասին «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի հարցին, որ ԼՂ-ում լարվածությունը չի մարել նույնիսկ 2020 թվականի խաղաղության գործարքից հետո, որո՞նք են շարունակական մարտական գործողությունների պատճառները։
«Բայց ոչ այնքան դե յուրե, որքան դե ֆակտո նրա մի շարք դրույթներ կոպտորեն խախտված են, որովհետև, այո, ես Ձեզ հետ համաձայն եմ, որ դա կարող է լինել և է խաղաղության ապագա ճարտարապետության վերաբերյալ որոշակի պատկերացում:
Ցավոք, օրինակ, շատ դրույթներ պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից և խախտված են: Դուք Ձեր հարցը նշեցիք՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, և դա հասկանալի է բոլորին: Բայց, օրինակ, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սահմանված է «Լեռնային Ղարաբաղ» սուբյեկտի գոյությունը, և Ադրբեջանի նախագահն էլ ստորագրել է այդ հայտարարության ներքո: Ավելին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, և Լեռնային Ղարաբաղն ունի տարածք, որը սահմանված է եռակողմ հայտարարության 7-րդ կետով: Ավելին՝ նույն հայտարարության 7-րդ կետով սահմանված է, որ փախստականները և ներքին տեղահանված անձինք վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո»,- ասել է նա:
Վարչապետը նշել է, որ Ադրբեջանը մինչև օրս այդ պարտավորությունը և այդ իրավունքը չի ապահովել, ավելին՝ պատերազմի ընթացքում հայաթափված մի շարք գյուղերում իրականացնում են շինարարական աշխատանքներ, և Ադրբեջանը հայտարարում է, որ այդ տարածքները վերաբնակեցնելու է ադրբեջանցիներով:
«Էլ չեմ ասում, որ ի հեճուկս եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա վերադարձված չեն գերիները, պատանդները, այլ պահվող անձինք. Հայաստանի Հանրապետությունից, հայկական կողմից մինչ այժմ, մինչև վերջերս 33 գերի կար, վերջերս էլ 2 հոգի առևանգվեցին:
Լաչինի միջանցքը, որ էլի սահմանված է Ձեր հիշատակած եռակողմ հայտարարությամբ և որը նպատակ ունի ապահովել Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի Հանրապետության հետ և որի համաձայն, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի ստորագրության, պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ընդ որում՝ Լաչինի միջանցքը ճանապարհ չէ միայն, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, այլ նաև 5 կիլոմետրանոց լայնությամբ տարածություն, ապօրինի կերպով արգելափակված է Ադրբեջանի կողմից»,- նշել է վարչապետը: