Հեղուկով լի տարա, սպիրտով թրջված բամբակ և ֆիզիկա. ֆիզմաթի ամառային ճամբարում նման փորձեր ամեն անկյունում կարելի է տեսնել: 300-ից ավելի դպրոցական Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից մասնակցում է United Global Generation ամառային ճամբարին: 5-12-րդ դասարանի աշակերտները ուսումնասիրում են ֆիզիկա, մաթեմատիկա և ծրագրավորման հիմունքներ:
Անուշ Սահակյան (Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ) - Անցած տարվա երկու ճամբարների հաջողությունից հետո այս տարի ևս որոշեցինք կազմակերպել մեծամասշտաբ ճամբար, և ուզում եմ նշել, որ մարզերից մասնակիցներին մենք տվել ենք արտոնություններ, այսինքն՝ մարզերից բոլոր մասնակիցները մասնակցում են անվճար հիմունքներով:
Իսկ նրանք, ովքեր այս տարի տարբեր պատճառներով չեն կարողացել միանալ առկա դասերին, հեռավար մասնակցության հնարավորություն են ստացել. օնլայն տարբերակով այս անգամ նաև շրջափակված Լեռնային Ղարաբաղից են աշակերտներ մասնակցում: Դասընթացները վարում են ինչպես աշխարհի լավագույն բուհերում սովորող նախկին ֆիզմաթցիները, այնպես էլ տարբեր միջազգային օլիմպիադաներում այդ դպրոցի մեդալակիրները:
Հովհաննես Մուրադյան (Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ) - Ծրագրի նպատակը շատ խորն է. հիմնականում երեխաների մեջ մաթեմատիկայի և գիտական առարկաների նկատմամբ սեր սերմանելն է, ինչպես նաև ավելի խոր նպատակը հանդիսանում է՝ ավելի գիտական պոտենցիալ ունեցող մարդիկ վերադառնան Հայաստան և իրենց գիտելիքներով կիսվեն, իրենց միջազգային փորձը օգտագործեն մեր ճամբարում, ինչպես նաև Հայաստանի այլ ոլորտներում:
Ֆիզմաթի շրջանավարտ, այժմ ամերիկյան Սթոնի Բրուք համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Հակոբ Չախոյանը, ամռանը Հայաստան վերադառնալով, նույնպես միացել է ճամբարի դասավանդողներին:
Հակոբ Չախոյան (Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ) - Քանի որ մենք գնում ենք արտասահման, սովորում ենք և շփվում ենք այնտեղի դասախոսների հետ, ստանում ենք փորձ, թե ինչպես է այնտեղի կրթական համակարգը աշխատում, և ոնց են դասավանդվում և, օգտագործելով այդ փորձը, օպտիմիզացնում ենք Հայաստանի համակարգի հետ և տալիս ենք լավագույն ձևով գիտելիքները՝ մատչելի:
Ճամբարի մասնակից դառնալու 450 հայտ է եղել: Ընտրվել են քննությանն առավել բարձր արդյունք ունեցողները: Դավիթ Գրիգորյանը, օրինակ, արդեն երկրորդ տարին է՝ մասնակցում ճամբարին, ցանկանում է ծրագրավորող կամ ինժեներ դառնալ:
Գրիգորյան Դավիթ (Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ) - Այստեղ մենք անցնում ենք այնպիսի դասանյութ, որը հետագայում կարող է լավ հիմք լինել ծրագրավորման ինչ-որ դասընթացի գնալու համար կամ ինքնուրույն անգամ ծրագրավորում սովորելու համար շատ հետաքրքրաշարժ խնդիրներ ենք անում, տրամաբանական, անում ենք էնպիսի խնդիրներ, որ դպրոցում դրանց մասին ընդհանրապես կարծիք չունենք:
Մաթեմատիկայով և ծրագրավորմամբ զբաղվող հայկական մեծ համայնքի ստեղծմանը նպաստելու ջանքերը շարունակական են լինելու, այդ պատճառով որոշվել է, որ ճամբարն ամենամյա լինի, իսկ ամեն հաջորդ տարի ավելի շատ մասնակիցներ ընդունելու հնարավորություն է ստեղծվելու:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան