7 ԵՐԹՈՒՂՈՒՄ «ԳԱԶԵԼ»-ՆԵՐԸ ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ
Երևանում հնամաշ միկրոավտոբուսների փոխարինման աշխատանքները մտնում են ավարտական փուլ: Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ղեկավարը:
Վազգեն Հարությունյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Նշված կարճաժամկետ բարեփոխումները օգոստոսի 1-ին ավարտված կլինեն 95 տոկոսով, իսկ օգոստոսի 15-ին՝ 100 տոկոսով:
Օգոստոսի 1-ին 7 երթուղիներում «ԳԱԶել»-ները կփոխարինվեն ավտոբուսներով:
Ավտոբուսները կանգառներին կմոտենան 10-17 րոպե հաճախականությամբ՝ ըստ առանձին երթուղիների: Օգոստոսի 1-ից կդադարեցվի համար 4 երթուղու շահագործումը, այն սպասարկվում էր «ԳԱԶել»-ներով:
Վազգեն Հարությունյան - Առաջիկա ամիսների ընթացքում պլանավորվում է իրականացնել գործող երթուղային ցանցի վերանայում նույնպես՝ կրկնվող երթուղիների շահագործման արդյունավետության բարձրացման և սպասարկման ծածկույթի ավելացման մասով:
Քաղաքապետի տեղակալ Տիգան Ավինյանն արձանագրեց՝ օգոստոսի 15-ին, երբ «ԳԱԶել»-ներից ամբողջությամբ կազատվի քաղաքը, բարեփոխումները չեն ավարտվի: Դեռ պետք է տոմսային միասնական համակարգը ներդրվի, ավտոբուսների համար ավելի մեծ թվով ուղեգծեր առանձնացվեն:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Իհարկե, քարտեզների վրա օնլայն արդեն հայտնվել են մեր գծերը, այսպես ասած, բայց մենք ունենք դեռևս րոպեի ճշգրտությամբ այդ ինֆորմացիան մարդկանց տալու խոստումը, և բացի այն, որ Յանդեքս և Գուգլ քարտեզներով դա պետք է հասանելի լինի, դա պետք է հասանելի լինի նաև կանգառներում:
Վազգեն Հարությունյան - Այս երթուղիները արդեն իսկ հավելվածում թարմացված են լինելու ամսի 1-ից, ավտոբուսների տեղադիրքի մասով՝ ճանապարհին են սարքավորումները, ենթադրում եմ՝ մյուս շաբաթ կհասնեն և արագ կսկսենք տեղադրել, և առաջիկա 1-2 շաբաթում որոշ երթուղիներ արդեն տեսանելի կլինեն: Տվյալ գործընթացը անելուց հետո կարող ենք նաև կանգառասրահներում համապատասխան սարքավորումների ձեռքբերում իրականացնել, որովհետև եթե համակարգը աշխատեց, էնտեղ մնում է միայն տաբլոյի վրա ցույց տալ չվացուցակի վրա:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐԸ՝ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Գործակարգավարական նիստում նշեց, այս տարի նախատեսվում է սկսել Կիևյան կամրջի նորոգման աշխատանքների առաջին փուլը:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ) - Իրականացվելու է կամրջի հենարանների, կամարների արտաքին ու ներքին մակերեսների վերանորոգումը: Երկրորդ փուլում, որը իրականացնելու ենք հաջորդ տարի, կամրջի մոտեցումների, երթևեկելի մասի վերանորոգման աշխատանքներն են:
Կենտրոնում գտնվող Նորագյուղ թաղամասում կառուցապատման խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի: Զեկուցվեց, որ նախկինում մշակված ծրագիրը վերանայելու կարիք կա:
Շողիկ Երանյան (Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար) - Հաշվի առնելով, որ նշված տարածքում կատարվել են լայնածավալ կառուցապատման աշխատանքներ, ներկայումս անհրաժեշտ է վերանայել մշակված քաղաքաշինական փաստաթղթերը: Ներկայումս նախապատրաստական աշխատանքների մշակման փուլում ենք:
Տիգրան Ավինյան - Մասնավորապես Կենտրոնի բեռնաթափման համար դառնալու է հենց այն վայրը, այն շրջանը, որտեղ որ այսպես ասած՝ նոր կենտրոնն ենք ստեղծելու՝ երկնաքերներով, արդի քաղաքաշինական լուծումներով նոր թաղամաս է դառնում Նորագյուղը, բայց մինչև այդ ծրագրի իրականացումը շատ կարևոր է նորագյուղցիների սեփականության իրավունքի հետ կապված բոլոր խնդիրների լուծումը: Մենք պետք է վստահ լինենք, որ այս մարդկանց իրավունքները՝ սեփականության իրավունքը, պաշտպանված է և վայրի կապիտալիզմի զոհ չեն դառնա:
Նիստում անդրադարձ եղավ Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրման գործընթացին, զեկուցվեց, որ այն մտել է ավարտական փուլ: Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետը հայտնեց նաև, որ 2022 թվականից նորոգվող մանկապարտեզներից 5-ը շահագործման կհանձնվեն օգոստոսին:
Խորեն Գրիգորյան - Նախատեսում ենք թիվ 109, 110, 50, 22, 23 մանկապարտեզները հանձնել շահագործման, ընթացիկ տարում՝ մինչև տարեվերջ՝ համար 95, 77, 137, 61, 74, 44, 135, 138, 161, 147 մանկապարտեզներն ենք հանձնելու շահագործման։
Բակային տարածքները երևանցիներին վերադարձնելու ծրագրերին անդրադառնալով՝ Ավինյանը խոսեց նաև ավտոտնակներով ծանրաբեռնված բակերին: Մասնավորի հետ գործակցությամբ ծրագիր են մշակել, նախատեսում են սկսել Արաբկիրից:
Տիգրան Ավինյան - Երեք բակային տարածք պետք է ներկայացնեք դուք, որ մենք սկսենք պիլոտային ծրագիրը՝ ստորգետնյա ավտոկայանատեղիներ և վերևի հատվածում խաղահրապարակներ և հանգստյան գոտի ստեղծելու: Կարծում եմ՝ այդ ծրագրի հաջող ընթացքի պարագայում շատ դեպքերում հենց էս լուծումներով էլ առաջ ենք շարժվելու, հետևապես պետք է խնդրեմ՝ այս երկու օրվա ընթացքում կողմնորոշվեք՝ որ հատվածն է, որ բակերն են առաջարկում:
Նիստում նշվեց, որ Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն: Այս ծրագիրն էլ կմեկնարկի Ավանից:
Հեղինակ՝ Աննա Զախարյան