ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում է, իսկ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակությունները մեր ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսևորումը եղավ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ապօրինի անցակետից:
Մյուս կողմից, որոշակի ակտիվացում է նկատվում իրավիճակի կարգավորման նպատակով իրականացվող միջազգային ջանքերում:
Ամփոփելով այս օրերին մեր և միջազգային կոնկրետ դերակատարների կողմից իրականացվող որոշ գործընթացների միջանկյալ արդյունքները՝ ես նախատեսում եմ մի քանի օրից բացառիկ հարցազրույց տալ Արցախի հանրային հեռուստատեսությանը: Այդ միջոցով հնարավորինս բաց կերպով կներկայացնեմ իրավիճակը, ռիսկերն ու հեռանկարները: Այնուհետև, բոլոր ակտիվ քաղաքական շրջանակների հետ կսկսեմ խորհրդակցություններ՝ մեր անելիքները քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:
Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում: Դրան զուգահեռ մենք միշտ բաց ենք խաղաղ ու բանակցային ճանապարհով քննարկելու բոլոր հիմնախնդիրները և գտնելու լուծումներ, սակայն դրա համար նույնպես անհրաժեշտ են միջազգային պատշաճ ներգրավվածություն ու երաշխիքներ»: