Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ օրեր առաջ քաղաքացիները ահազանգ էին հնչեցրել, որ «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում առկա է աղբի կուտակում: Թեպետ ազգային պարկի գործառույթների մեջ չի մտնում աղբահանությունը, և այն օրենքով վերապահված է մեկ այլ գերատեսչության, ազգային պարկի ներկայացուցիչները արգելոցի տարածքում աղբի հավաքման և մաքրման աշխատանքներ են իրականացրել։
ՇՄ նախարարությունը դիմում է քաղաքացիներին․
«Հարգելի քաղաքացիներ,
նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, որի շրջանակում 2022 թվականից անգամ հատուկ ընթացակարգով և սահմանափակումներով թույլատրում է մուտք «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոց և արգելավայր։
Նախորդ տարիներին «Նորաշենի» արգելոցի և համանուն արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման, մարդկային գործոնի ազդեցության նվազման արդյունքում վերջին տարիներին չվահյուր թռչունների տեսակների և քանակի ավելացման դրական միտում է նկատվում։
Ուստի արգելոցի տարածք մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին, հանգիստը կազմակերպելիս պետք է դրսևորի բարձր քաղաքացիական գիտակցություն, մաքուր, խնամված և անխաթար պահի շրջակա միջավայրը և չվնասի այն։
Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»։