Հայաստանում օդի աղտոտվածությունը շարունակում է բարձր մնալ, ավելին՝ վերջին 5 տարում ցուցանիշը բարձրացել է 15 տոկոսով: Մի շարք մեծ ու փոքր քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի մակարդակը: Մասնագետների խոսքով՝ պատճառները շատ են՝ կանաչապատ տարածքների ոչնչացում, տրանսպորտի արտանետումներ, աղբի կուտակում, սակայն հիմնականը հանրապետությունում մեծ թափ ստացած շինարարությունն է:
Գայանե Շահնազարյան (ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Պատկերը զուգահեռ գնում է մեր տնտեսական, քաղաքաշինության զարգացման, այդ զարգացումը շատ լավ է տնտեսության համար, մեր հանրապետության համար, բայց զուգահեռ նաև ավելանում է մթնոլորտային օդի աղտոտվածությունը:
Բնապահպանի խոսքով՝ պաշտոնական տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ օդի աղտոտվածությանը նպաստող գործոններից է նաև հանքարդյունաբերությունը: Վիկտորյա Բուրնազյանն առաջարկում է խստացնել վերահսկողությունը, որ տնտեսվարողներն իրենց գործունեության մեջ ավելի զգոն լինեն:
Վիկտորյա Բուրնազյան («Էկոլուր» տեղեկատվական հկ փոխնախագահ) - Մենք գիտենք, որ ՀՀ-ում գործում են մետաղական և ոչ մետաղական հանքեր, հիմնականում՝ բաց եղանակով, ինչպես հանքային դաշտի տարածքից արտանետումներ են հնարավոր և լինում են պայթեցումների ժամանակ, կամ քամիների ժամանակ, այնպես էլ լցակույտերի տարածքից: Ունենք պոչամբարներ, որոնք ռեկուլտիվացված չեն, էդ չորացած պոչամբարի չորացած տարածքներից են լինում փոշու արտանետումներ, որոնք իրենց մեջ պարունակում են ծանր մետաղներ, տոքսիկ նյութեր, դրանք նույնպես վտանգավոր են մարդու առողջության համար:
Օդի աղտոտվածությունը մարդու առողջության վրա տարբեր ազդեցություններ է ունենում՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ:
Սամվել Հայրումյան (ՀՀ ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու) - Կարճաժամկետից նշենք հենց փոշիներից առաջացող, օրինակ՝ ալերգիկ ռինիտն է, վազոմոտոր ռինիտները, բրոնխիտ, ասթմայի սրացումները, և երկարաժամկետ ազդեցություններից նշենք, որ կան հետազոտություններ հստակ, որոնք ապացուցել են, որ օդի աղտոտվածությունը նպաստում է սիրտ-անոթային հիվանդութթունների ռիսկի բարձրացմանը, ինսուլտների ավելացմանը և նաև, իհարկե, շնչառական հիվանդությունների սրացմանը կամ շատացմանը:
Հայաստանում կա 15 ստացիոնար, 1 անդրսահմանային և 215 շարժական դիտակայան, որոնք բաշխված են տարբեր քաղաքներում: Այս սարքավորումներով հնարավոր չէ, սակայն, իմանալ, թե օրվա որ ժամին է օդի աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել:
Գայանե Շահնազարյան - Մենք չենք կարողանում իմանալ՝ այս պահին ինչպիսին է առավելագույն կոնցենտրացիան, բայց որ միջին պատկերը կարողանում ենք հասկանալ, դա արդեն մեզ հնարավորություն ա տալիս մոտավորապես պատկեր կազմել օդի աղտոտվածության մասին: Իհարկե, դա բավարար չի, այս համակարգը դեռևս զարգացման անհրաժեշտություն ունի, և այդ զարգացման ճանապարհին ենք:
Երբ կենտրոնն ունենա ավտոմատ սարքավորումներ, հնարավոր կլինի պարզել՝ օրվա որ պահին է օդը ավելի շատ աղտոտված եղել, ուսումնասիրության արդյունքում էլ տեղեկության համադրմամբ նաև պատճառները հնարավոր կլինի բացահայտել: Սա հնարավորություն կտա աղտոտվածության նվազեցման ուղղությամբ հակաքայլեր մշակել:
Հստակ հակաքայլեր նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է իրականացնում. կառույցից «Լուրերին» հայտնեցին, որ այս տարի միայն Երևանում, որը օդի աղտոտվածության առաջատարն է, 33 շինարարական կազմակերպությունում իրականացրել են վերահսկողական գործառույթներ, 31-ում հայտնաբերել խախտումներ, ինչի համար 150.000-ական դրամի չափով տուգանք է սահմանվել։ 16 հոգի էլ սորուն նյութերն առանց անթափանց ծածկի տեղափոխելու համար է 50.000-ական դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկվել։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան