ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԼԻՆՔԵՆ-ԱԼԻԵՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Միացյալ Նահանգների պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Էնթոնի Բլինքենը Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ խոր մտահոգությունն է հայտնել Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վատթարացող իրավիճակի հետ կապված։ «Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ հասնելու կայուն խաղաղության»,- նշել է պաշտոնյան։
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր ավտոմեքենաների ազատ տեղաշարժման հրատապությունը և այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջման անհրաժեշտությունը, որ մարդասիրական մատակարարումները հասնեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ըստ Մեթյու Միլերի՝ պետքարտուղարը շեշտել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն բանակցություններում առաջընթացը:
ԿԽՄԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԽԻՍՏ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ Է. ԲՈՒԱՅՈ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ՝ Թվիթերում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը։
Հղում կատարելով հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահների կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին Կարմիր խաչի գրառմանը՝ Անն Բուայոն հավելել է՝ կարևոր է, որ Կարմիր խաչը գործի անվտանգ և կանխատեսելի:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱԹՍ-ՆԵՐՈՎ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ՄՈՍԿՎԱՅԻՆ. ՌԴ ՊՆ
Ռուսական կողմը հայտնում է՝ ուկրաինական կողմը հուլիսի 30-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Մոսկվայի կենտրոնին։ Տուժել է «Մոսկվա սիթի» բիզնես կենտրոնի շենքը: Մարդկանց տարհանել են, կենտրոնի մեկ աշխատակից վիրավորումներ է ստացել: Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտնել են, որ Մոսկվայի մարզում ևս երկու անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել և խոցվել: Ռուսական ԶԼՄ-ները նշում են՝ վերջին 1 ամսվա ընթացքում սա Մոսկվայում տարբեր օբյեկտների թիրախավորման արդեն երրորդ դեպքն է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը փորձել են 25 անօդաչուներով գրոհել նաև Ղրիմը։ Գերատեսչության տվյալով՝ բոլոր սարքերը վնասազերծվել են: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ուկրաինային սահմանակից Բրյանսկի շրջանի նահանգապետն էլ տեղեկացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել են Կլիմովսկի թաղամասը, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:
ԿԻԵՎԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ուկրաինական կողմն էլ հայտնում է ռուսական զանգվածային հարվածների մասին: Այս անգամ թիրախում է հայտնվել Խերսոնը: Նշվում է, որ «Գրադ» հրթիռային համակարգերից գնդակոծվել է Խերսոնի կենտրոնը: Բնակավայրի պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել: Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ, այդ թվում՝ մեկ զոհ:
Պայթյուններ են հնչել Դնեպրոպետրովսկի շրջանի Կրիվոյ Ռոգ քաղաքում: Ուկրաինական լրատվամիջոցների տվյալով՝ հրթիռային հարվածներ են հասցվել բնակելի շենքերի:
Սումիում էլ ռուսական հարվածների պատճառով տուժել է ուսումնական հաստատություններից մեկը, հայտնի է առնվազն 2 զոհի մասին, 20 մարդ վիրավորվել է։ Զապորոժիեում հրթիռակոծության հետևանքով էլ կան զոհեր: Պայթյուններ են լսվել նաև Խարկովում:
Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել ուղերձով, նա նշել է՝ հարկավոր է ապահովել Ուկրաինայի տարածքի անվտանգությունը՝ հատկապես ձմռան ամիսներին ընդառաջ, քանի որ, նրա խոսքով, ռուսական ուժերը կշարունակեն զանգվածային հարվածները գլխավորապես երկրի էներգահամակարգին: Նա նաև հավելել է՝ պատերազմն աստիճանաբար վերադառնում է Ռուսաստանի տարածք, ինչն անխուսափելի, բնական և արդար գործընթաց է։
ԿԻԵՎԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՎԱՐԻ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԵՏ. ԵՐՄԱԿ
Կիևը պատրաստվում է հաջորդ շաբաթ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ՝ անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակի խոսքով՝ այդ երաշխիքները կգործեն, մինչև Կիևը դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Նա հավելել է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել արդեն 10-ից ավելի երկիր, և այդ թիվը դեռ մեծանում է: Երմակը նշել է, որ երաշխիքները ենթադրում են պաշտպանության և ֆինանսական աջակցություն Կիևին, ինչպես նաև պատժամիջոցներ Մոսկվայի դեմ:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը մտահոգություն էր հայտնել, որ Արևմուտքը հրաժարվում է խոսել Ռուսաստանի հետ՝ անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ: «Բոլոր հակասությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, բայց նրանք հրաժարվում են դրանից: Իսկ այս հակամարտության պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն սպառնում են Ռուսաստանի անվտանգությանը»,- նշել է Ռուսաստանի նախագահը: