ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԶՈՐՔԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՍԻՐԻԱՅԻՑ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից։
«Իրանն ու Ռուսաստանը՝ որպես միջնորդներ և երաշխավորներ, ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ: Մենք հասկանում ենք սահմանին անվտանգության հետ կապված՝ Անկարայի մտահոգությունները, սակայն Սիրիայում ռազմական ներկայությունը լուծում չէ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
Ֆեյսալ Միքդադն էլ ԱՄՆ-ին է կոչ արել դուրս բերել ուժերը Արաբական Հանրապետության տարածքից, այլապես, դիվանագետի խոսքով, Վաշինգտոնին կստիպեն դա անել:
Դիվանագետի խոսքով՝ ամերիկյան ռազմական ներկայությունը հանրապետությունում անօրինական է, քանի որ «Սիրիան դա չի խնդրել»։
Ավելի վաղ՝ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերը դուրս չեն բերվի Սիրիայի հյուսիսից, քանի որ պայքարում են ահաբեկիչների դեմ: Թուրքիայի նախագահն, այնուհանդերձ, չի բացառել Սիրիայի նախագահի հետ բանակցությունների հնարավորությունը:
ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ԻՐԱՔՑԻ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՂՈՒՐԱՆ ԵՆ ԱՅՐԵԼ
Ստոկհոլմում` խորհրդարանի շենքից ոչ հեռու ,իրաքցի միգրանտները հերթական անգամ Ղուրան են այրել, հայտնում են լրատվամիջոցները: Նշվում է, որ նրանց դեմ արդեն քրեական գործ է հարուցվել նախկինում նմանատիպ ակցիաներ անցկացնելու և ատելություն սերմանելու փաստով։ ԶԼՄ-ների տվյալով՝ հրապարակում նաև մուսուլմաններ են հավաքվել՝ սպառնալով վրեժ լուծել Ղուրանն այրած անձանցից:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց էր ունեցել շվեդ գործընկերոջ հետ, քննարկել Շվեդիայում Ղուրանի այրման ակցիաները և ՆԱՏՕ-ին այդ երկրի հնարավոր անդամակցության գործընթացը, որն այժմ Դաշինքի անդամներից խոչընդոտում են միայն Թուրքիան և Հունգարիան: Հաքան Ֆիդանը նշել է՝ խոսքի ազատության քողի տակ Ղուրանի այրման ակցիաների թույլատրումն անընդունելի է:
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԲԱԹՈՒՄՈՒՄ
Բաթումում բողոքի նոր ակցիա է անցկացվել, ցուցարարները դատապարտել են ռուսական Astoria Grande զբոսանավի մուտքը վրացական նավահանգիստ: Վրացական ԶԼՄ-ների տվյալով՝ 20-ից ավելի ցուցարար բերման է ենթարկվել:
Ռուսական նույն զբոսանավը նախորդ շաբաթ ևս խարիսխ էր գցել Բաթումում, սակայն բողոքի ակցիաների պատճառով ստիպված էր եղել հեռանալ նախատեսվածից շուտ։
Երկրի էկոնոմիկայի նախարարությունը տեղի ունեցածի ֆոնին հանդես է եկել հայտարարությամբ, հայտնել, որ ռուսական այդ նավը պատժամիջոցների տակ չէ և կարող է ազատ մուտք գործել աշխարհի տարբեր նավահանգիստներ:
Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հայրենակիցներին կոչ է արել զերծ մնալ ապակառուցողական վարքագծից և չխանգարել զբոսաշրջության զարգացմանը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, սակայն, աջակցություն է հայտնել ցուցարարներին։
ՈՉՆՉԱՑՎԵԼ Է 180 000 ՏՈՆՆԱ ՀԱՑԱՀԱՏԻԿ. ԿՈՒԼԵԲԱ
Սևծովյան գործարքից Մոսկվայի դուրս գալու ֆոնին՝ Կիևը և Զագրեբը պայմանավորվել են, որ ուկրաինական կողմը կարող է օգտագործել Դանուբի և Ադրիատիկ ծովի խորվաթական նավահանգիստները՝ հացահատիկ արտահանելու համար, հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։ Դմիտրո Կոլեբայի խոսքով՝ հացահատիկի միջանցքի ապաշրջափակման ցանկացած նախաձեռնություն նպաստում է աշխարհում պարենային անվտանգությանը։
Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանի հրթիռային և օդային հարվածների հետևանքով վնասվել է ուկրաինական նավահանգստային ենթակառուցվածքի 26 օբյեկտ, ոչնչացվել է մոտ 180 հազար տոննա հացահատիկ։