Երևանի Կենտրոն համայնքի տարածքի գոտևորման նախագծով նախատեսված է Կենտրոն թաղային համայնքի հարավարևմտյան տարածքում՝ մոտ 150 հա հատվածում, իրականացնել ծրագիր, որի շրջանակում կկառուցվեն նաև երկնաքերներ: Որոշումը քննարկվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ Երևանի կենտրոնական մասը սպառել է մայրաքաղաքային գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տարածքի ռեզերվները, ուստի Հրազդան կիրճի եզրով՝ Երևանյան լճից մինչև Հաղթանակի կամուրջ, Իսակովի պողոտայի սահմանափակված տարածքով՝ Պասկևիչի բլուրին հարակից մասում, նախատեսվում է ստեղծել գործարար, դիվանագիտական և մշակութային միջազգային նոր կենտրոն, որը կունենա նաև քաղաքային նշանակության հանգստի գոտի:
Նախկինում ծրագիրը նախատեսված էր իրականացնել մոտ 150 հա տարածքում, որից մոտ 26 հեկտարը Պասկևիչի բլուրն էր՝ իր խարխուլ ֆոնդով: Տարածքում ներառվում էր նաև ներկայումս նախագծվող Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային կապող ավտոճանապարհի հատվածը՝ իր հարակից համայնքային հողատարածքներով:
Հաշվի առնելով, որ ժամանակի ընթացքում նշված տարածքում կատարվել են լայնածավալ կառուցապատման աշխատանքներ, անհրաժեշտ է վերանայել մշակված քաղաքաշինական փաստաթղթերը: Ներկայումս նախապատրաստական աշխատանքների մշակման փուլ է իրականացվում, անհրաժեշտ է կլինի նաև իրականացնել գեոդեզիական աշխատանք:
Ավինյանը նկատեց՝ Նորագյուղ թաղամասը խոշոր կառուցապատման գոտի է դառնալու:
«Նորագյուղ թաղամասը հենց այն թաղամասն է, որը հետագա խոշոր կառուցապատման զոնա է դառնալու, և, մասնավորապես, Կենտրոնի բեռնաթափման համար դառնալու է հենց այն վայրը, այն շրջանը, որտեղ, այսպես ասած, նոր կենտրոնն ենք ստեղծելու: Երկնաքերներով և արդի քաղաքաշինական լուծումներով թաղամաս է դառնում Նորագյուղը»,- ասաց Ավինյանը, բայց նաև ընդգծեց, որ մինչև այդ ծրագրի իրականացումը շատ կարևոր է, որ նորագյուղցիների սեփական իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները լուծվեն:
Ավինյանը նաև նշեց, որ սեփական տների այն հատվածը, որտեղ սեփականության իրավունքի հետ կապված խնդիրներ կան, պետք է լուծվեն:
«Սա շատ կարևոր է այն թաղամասերի համար, որտեղ ունենք պոտենցիալ ներդրումային ծրագրեր՝ Նորագյուղ, Կոնդ, այսինքն՝ այս մարդկանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն, մինչև ներդրումային ծրագրի օրենսդրական մեխանիզմները կգործարկվեն: Այսինքն՝ մենք պետք է վստահ լինենք, որ այս մարդկանց սեփականության իրավունքը պաշտպանված է, և իրենք վայրի կապիտալիզմի զոհ չեն դառնա, որովհետև մենք նման փորձեր ունեցել ենք նախկինում»,- ասաց Ավինյանը: