Վրաստան է ժամանել ռուս զբոսաշրջիկներով Astoria Grande զբոսանավը, ինչն առաջացրել է տեղի ընդդիմադիրների բողոքը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Formula հեռուստաընկերությանը։
Աղբյուրը պարզաբանում է, որ նավը Բաթումի նավահանգիստ է մտել հուլիսի 31-ի առավոտյան։ Նախօրեին այնտեղ էին հավաքվել վրացի ընդդիմադիրներն ու ակտիվիստները, որոնք բողոքում են նավի ժամանման դեմ: Նշվում է, որ ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգության միջոցները և փակել է դեպի նավ տանող բոլոր ճանապարհները։ Հայտնի է, որ բողոքի ակցիաների ֆոնին բախումներ են տեղի ունենում ընդդիմության ու իրավապահների միջև, 10 ակտիվիստ ձերբակալվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նավի երթուղին ներառում է Բաթում, Ամասրա և Ստամբուլ քաղաքները։ Սակայն շրջագայությունների վաճառքի գլխավոր գործակալության պաշտոնական կայքի տվյալներով՝ Վրաստանի Բաթում քաղաքն այլևս ընդգրկված չէ Astoria Grande զբոսանավի երթուղիների կանգառների ցանկում:
Վրացի ցուցարարների կարծիքով՝ նավի ժամանումը միջազգային պատժամիջոցների շրջանցում է, թեև իշխանությունները պնդում են, որ նավը նավարկում է Պալաուի դրոշի ներքո և պատժամիջոցների ցուցակում չէ: