Ջեյհուն Բայրամովն Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր: Հանդիպումից հետո՝ համատեղ մամուլի ասուլիսում, Թուրքիայի արտգործնախարարն առաջին անգամ մեկնաբանել է Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները, նշել, թե իբր Բաքվի հասցեին հնչող մեղադրանքներն անարդար են։
«Բժշկական տարանցումն ապահովված է, մարդասիրական օգնություն է տրամադրվում, Լաչինի ճանապարհը ադրբեջանական տարածք է, և Ադրբեջանն այնտեղ կարող է ցանկացած գործողություն ձեռնարկել»,- ասել է Ֆիդանը:
Նա հայտարարել է՝ ուժեղ Թուրքիա՝ նշանակում է ուժեղ Ադրբեջան, իսկ ուժեղ Ադրբեջան՝ ուժեղ Թուրքիա: Ֆիդանի խոսքով՝ Անկարան լիովին աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և կոչ արել միջազգային հանրությանը չմիջամտել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Թուրքիայի գլխավոր դիվանագետը հավելել է՝ կարգավորման գործընթացը կարևոր է տարածաշրջանի զարգացման և կայունության համար: Այդ հարցում նա կարևորել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
Բայրամովն էլ հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին՝ խաղաղության գործընթացը իբր խափանելու համար: Նա հավելել է, թե, չնայած դրան, Բաքուն պատրաստ է փակել թշնամության էջը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։
Նախարարը վստահեցրել է, որ Ադրբեջանն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: