«Ֆիթչ» միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+»-ից մինչև «BB-» կայուն հեռանկարով: Վարկանիշի վերանայման մի շարք պատճառներ կան՝ նշում է Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալը, առանձնացնում տնտեսական աճի բարձր տեմպերը, պետական պարտքի բեռի նվազումը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ և կառավարության ու Կենտրոնական բանկի իրականացրած մակրոտնտեսական քաղաքականությունը:
Էդուարդ Հակոբյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Սա էական բարձրացում է և խոսում է մեր տնտեսության ներդրումային գրավչության բարձրացման մասին, և դրա վառ օրինակներից է, որ վերջին շրջանում մեր արժեթղթերի շուկայում, ինչպես պարտատոմսերի շուկայում մեծ ակտիվություն կա դրսի արտաքին ներդրողների:
Էդուարդ Հակոբյանն ընդգծում է՝ «Ֆիթչը» ռիսկերը հավասարակշռված է գնահատում:
Էդուարդ Հակոբյան - Բայց ամենակարևոր բանը, որ այստեղ պետք է շեշտել, կանխատեսումների դեպի վեր վերանայումներն է, այսինքն՝ բարելավումն է, օրինակ՝ աճի կանխատեսումները և այս տարվա և մյուս տարիների համար բարձրացվել են, պարտք/ՀՆԱ ցուցանիշի մասով բարելավվել է էապես, ու մի կարևոր բան էլ կա, որ պետք է նշել՝ համեմատվող երկրների համեմատ մեր ցուցանիշները էապես են բարելավվել:
Ակնկալվում է, որ սպառումը կպահպանվի, ապրանքների և ծառայությունների արտահանումը՝ ևս: «Ֆիթչի» կանխատեսմամբ՝ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը մինչև 2025 թվականը 2021 թվականի համեմատ գրեթե կկրկնապատկվի:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ) - Սա բավականին ազդեցիկ ուղերձ է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող և, ինչու ոչ, նաև քաղաքականություն մշակող կենտրոնների համար, որ Հայաստանում կայունությունը առաջիկա տարիներին պահպանվելու է, հատկապես մեր տարածաշրջանի համար, որ մենք գիտենք՝ ինչպիսի խնդիրներ կան՝ անորոշության հետ կապված, ռիսկերի հետ կապված:
«Ֆիթչի» մասնագետներն արձանագրել են՝ չնայած միջին աշխատավարձի նկատելի աճին, տարեկան կտրվածքով նվազում է բազային գնաճը, ինչը նվազեցնում է տնտեսության գերտաքացման ռիսկերը: Գործակալությունն ակնկալում է դրամի չափավոր արժեզրկում 2023-2024-ին, սակայն այն ավելի բարձր մակարդակի վրա կլինի, քան «եղել է ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ»։ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ եթե նախորդ տարի կանխատեսումներ կային, թե տնտեսական բարձր աճը կարճաժամկետ կլինի, այսօր միջազգային կառույցներն առաջիկա տարիների համար բարձր սպասումներ ունեն:
Էդուարդ Հակոբյան - Պետությունը շարունակում է մնալ ավելի քան վճարունակ, և իր պարտքի բեռի հատկապես ցուցանիշները կառավարելի ու կայուն տիրույթում են, և վարկանիշի բարձրացումը երկրի ռիսկերի էական նվազում է նշանակում, ինչը ոչ միայն պետության համար է դրական ազդակ, այլ նաև մասնավոր հատվածի մեր կազմակերպությունների, ովքեր կարող են միջոցներ ներգրավել ավելի լավ պայմաններով:
«Ֆիթչն» իր կանխատեսումներում անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի փակ լինելուն և դրա հնարավոր ռիսկերին:
«Ֆիթչը» համարում է, որ տարեսկզբից ավելացել են Ադրբեջանից եկող աշխարհաքաղաքական ռիսկերը։ Վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Լաչինի միջանցքի՝ յոթ ամիս տևած ադրբեջանական շրջափակումը հուլիսի դրությամբ շարունակվում է, և սահմանին եղել են բազմաթիվ մահացու բախումներ։ Երկու երկրների միջև խաղաղության բանակցությունները շարունակվում են, բայց, մեր կարծիքով, դժվար թե հանգեցնեն կայուն խաղաղության համաձայնագրի՝ տարածքային ճշգրտումների բացակայության պայմաններում, որոնք կարող են քաղաքականապես դժվար ընդունելի լինել Հայաստանի համար:
«Ֆիթչը»կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության դեպքում մարտերը հիմնականում կսահմանափակվեն վիճելի տարածքով, իսկ Հայաստանի համար ավելի լայն մակրոտնտեսական ազդեցությունները կսահմանափակվեն։
Սոս Խաչիկյան - Միանշանակ «Ֆիթչի» վարկանիշի բարելավումը կունենա շղթայական ազդեցություն, բայց այստեղ պետք է մի շատ կարևոր ընդգծում կատարել, որ այս վարկանիշի բարելավմանը պետք է հետևի նաև մեր կառավարության կողմից քաղաքականության մշակման ուղղությունների բարելավում, և այդ բարելավման արդյունքում նոր հնարավոր կլինի ասել, որ մյուս վարկանիշային կազմակերպությունները կարող են նպաստել Հայաստանի ընդհանուր վարկանիշի բարելավմանը:
«Ֆիթչը»՝ փետրվարյան 6.1 կանխատեսման փոխարեն, այս տարի Հայաստանում սպասում է 7.2 տոկոս տնտեսական աճ, 2024-ին՝ 5.9, իսկ 25-ին 4.5 տոկոս աճ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան