Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի գիշերը Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումն անվանել է «Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակման փորձ»։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ երեք անօդաչու թռչող սարք է խոցվել։
Դա Մոսկվայի շրջանի վրա չորրորդ նման հարձակումն է այս ամսվա ընթացքում և երրորդը՝ մեկ շաբաթվա ընթացքում։
Ուկրաինան չի ստանձնում Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների պատասխանատվությունը, սակայն նախագահ Զելենսկին իր ուղերձում նշել է վերջին հարձակումը։
«Ռուսական ագրեսիան մարտի դաշտում ձախողվեց: Այսօր լրանում է, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողության» 522-րդ օրը: Ռուսաստանի ղեկավարությունն ակնկալում էր, որ այն կտևի մեկ-երկու շաբաթ։ Ուկրաինան ուժեղանում է, աստիճանաբար պատերազմը վերադառնում է Ռուսաստանի տարածք՝ նրա խորհրդանշական կենտրոններն ու ռազմակայանները։ Սա անխուսափելի, բնական և միանգամայն արդար գործընթաց է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Միաժամանակ Զելենսկին կառավարության պաշտոնյաներին ասել է, որ սպասում է ռուսական հարձակումների վերսկսում ուկրաինական էներգահամակարգի կարևորագույն օբյեկտների վրա՝ ցուրտ եղանակի սկսվելու դեպքում։