Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխելու ճանապարհին Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի հարազատները հուլիսի 29-ից մինչ օրս նրա հետ կապ չեն կարողացել հաստատել: Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, այս մասին ասաց Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. նրա խնդրանքը մեկն է՝ օգնել՝ հորը վերադարձնել ադրբեջանական գերությունից:
Վերա Խաչատրյան (Վագիֆ Խաչատրյանի դուստրը) - Ոչ ես, ոչ մայրս, ոչ մեկը կապ չի հաստատել, տեղեկություն չունենք, միայն այն, որ ասել են՝ Բաքվում է ու հիվանդանոցում:
Դստեր խոսքով՝ հորն անհրաժեշտ էր սրտի շտապ վիրահատություն, ախտորոշվել է աորտալ ստենոզ: Պատերազմից հետո Վերա Խաչատրյանը Քաշաթաղից տեղահանվել և բնակություն է հաստատել Ջերմուկում: Ասում է, որ ընտանիքի բոլոր մյուս անդամներն այս պահին Լեռնային Ղարաբաղում են:
Վերա Խաչատրյան - Նրան ուղեկցելիս է եղել քույրս: Հակարիի կամրջի անցակետում բոլորի անձնագրերը նայում են: Երբ վերցրել են հորս անձնագիրը, այլևս հետ չեն տվել, ասել են, որ պետք է գնա սենյակ, բժիշկը պետք է հետազոտի: Հետո ասել են, որ պետք է 10 րոպեով ուրիշ տեղ գնա: Երբ քույրս խնդրել է, որ չտանեն հայրիկին, երբ ԿԽՄԿ-ի աշխատակիցներից մեկը դիմադրել է, որ չտանեն հորս, իրենց ներկայությամբ հարցաքննեն, ասել են, որ ուժ կգործադրեն, եթե շարունակեն: Եվ այդպես, հայրիկիս նստեցնելով մեքենայի մեջ, տարել են անհայտ ուղղությամբ: Հայրիկիս փաստացի առևանգել են:
Վերա Խաչատրյանի խոսքով՝ առաջին իսկ օրն են Կարմիր խաչից զանգահարել քրոջն ու ասել, որ տեսել են հորը, Բաքվի հիվանդանոցներից մեկում է:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Անձին տեսակցել ենք նույն օրը, երբ ձերբակալվել է, նույն երեկո, արտասահմանցիներ, որոնցից մեկը՝ բժիշկ, տեսակցության ընթացքում տրվել է հնարավորություն կապի: Այլ մանրամասներ չենք կարող հաղորդել հանրային հարթակում: Անմիջապես տեղեկանում են ընտանիքի անդամները, այնուհետև կարող ենք կարճ տեղեկություններով կիսվել հանրության հետ, ինչ նկատում ենք, նկատառումներ՝ ինչպես ենք հետևում, հաջորդի ժամանակ փորձում շտկել, այս ամենը հանրային քննարկման ենթակա չէ:
Առավոտից մի խումբ երիտասարդներ փակել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի մուտքերը՝ իրենց բողոքն արտահայտելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Խաչատրյանին Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ։ Զառա Ամատունին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն ընդունել է նախաձեռնող խմբի անդամներին:
Զառա Ամատունի - Չեմ կարող մեկնաբանել՝ ինչ է տեղի ունեցել, ցանկացած խնդիրներ կոնֆիդենցիալ կերպով քննարկվում են հնարավոր խախտող կողմի հետ, որը պատասխանատու է այս կամ այն իրավիճակի համար: Երբեք մանրամասն չենք կիսվում հանրության հետ, որովհետև համարում ենք անարդյունավետ: Լուծումները չենք փնտրում հանրային հարթակում, այլ այնտեղ, որտեղ կարող ենք քննարկել, ում հետ խոսում ենք, նրանք կարող են բերել հանգուցալուծման:
Իսկ ադրբեջանցի տարբեր օգտատերեր, այդ թվում՝ դիվանագետներ, օգտագործում են համացանցից ներբեռնված զինվորի նկարը և ներկայացնում որպես Վագիֆ Խաչատրյանի լուսանկար։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է նաև ԼՂ մարդու իրավունքների պաշտպանը՝ ներկայացնելով 1990-ականներին արված Վագիֆ Խաչատրյանի նկարը, որը, ըստ Գեղամ Ստեփանյանի, ապացուցում է ադրբեջանական քարոզչամեքենայի ստերը։ Ադրբեջանի դատախազությունը Խաչատրյանին պատերազմական հանցագործություններ է վերագրել, իբր 1991 թ. նա կազմակերպել և իրականացրել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի ադրբեջանցիների սպանդ՝ կյանքից զրկելով 25 հոգու, 358 ադրբեջանցու արտաքսելով բնակության վայրերից: Բաքուն պնդել է, թե նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված, և, հայտնաբերելով Լաչինում, կալանավորել են: ԼՂ-ն շրջափակած ադրբեջանական վարչակազմը Վագիֆ Խաչատրյանին մեղադրում է ցեղասպանության և բռնի տեղահանում իրականացնելու համար:
Վերա Խաչատրյան - Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ է առաջադրել իմ հորը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Վերջերս էլ ասում էին, թե հայրս Սամվել Բաբայանի վարորդն է եղել. դա կեղծ լուր է: Այն, ինչ ներկայացրել են Ադրբեջանի ղեկավարությունը, դատախազությունը, կեղծ է: Առևանգված քաղաքացու դուստրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց խնդրանքով է՝ տեղեկություն բերել, ինչ-որ կերպ օգնել: Չէ՞ որ այս կազմակերպությունն ամբողջ աշխարհում իր լծակներն ունի:
Վերա Խաչատրյանի կոչը ոչ միայն ՄԱԿ-ին է ուղղված, այլև բոլոր կառույցներին և քաղաքացիներին, որոնք կարող են ինչ-որ կերպ աջակցել հոր վերադարձին: